Home » ՄԱՄՈՒԼ » Համատարած «ժուչոկապատում» ԱԺ-ում

Համատարած «ժուչոկապատում» ԱԺ-ում

231594231382760898Երեկ մեր թղթակցի հետ տարօրինակ միջադեպ է տեղի ունեցել ՀՀ Ազգային ժողովում։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը եւ հավելում. «Աշխատակազմի անդամներից մեկի հետ «անմեղ», կենցաղային մակարդակի խոսակցության ժամանակ, մեր թղթակիցը նույնքան «անմեղ», կենցաղային կոնտեքստում տվել է Աժ փոխնախագահներից մեկի անունը։ Սա ցնցել է ԱԺ աշխատակազմում երկար տարիներ աշխատող զրուցակցին, նա սկսել է աչքով-ունքով հասկացնել, որ պետք չի խոսակցությունը շարունակել, որ իրենց լսում են եւ այլն։ Միջադեպի ողջ զավեշտն ու միաժամանակ ողբերգությունն այն է, որ խոսակցությունը ընթացել է «կանանց սենյակում» լվացվելու եւ հայելու առաջ հարդարվելուն զուգահեռ։

Այն, որ Ազգային ժողովում արդեն տեւական ժամանակ է բոլորը «կեսբերան» են խոսում, բոլոր կարեւոր հատվածներում անցնում համր հաղորդակցության, աչքով-ունքով եւ ձեռքերի շարժումներով միմյանց բան հասկացնելուն, հայտնի է բոլորին։ Այս շենքում օդի մեջ սավառնում է մի համոզմունք, որ բոլոր սենյակները դահլիճներն ու միջանցքները պատված են «ժուչոկներով», եւ այնտեղ գտնվողների յուրաքանչյուր խոսք ձայնագրվում է եւ հայտնվում համապատասխան մարմինների սեղաններին։ Որոշ ժամանակ առաջ ԱԺ-ում գործում էր ավանդույթ, երբ տարբեր մարդիկ իրենց կարեւոր խոսակցությունները վարում էին բակում, ծառերի տակ։ Սակայն վերջին շրջանում Աժ բակում անգամ չեն հանդիպում «կոնսպիրատիվ» զրույցի բռնված անձինք։ Ու եթե սա մինչեւ երեկ տարակուսելի էր, ապա երեկվա միջադեպից հետո պարզ է. կասկածներ կան, որ «ժուչոկներ» են տեղադրվել նաեւ ծառերի վրա, նստարանների տակ եւ սյուների գլխին։ Այս իրավիճակը յուրահատուկ է ոչ միայն ԱԺ-ին։ Հայաստանի պետական բոլոր բարձրագույն մարմիններում նույնն է. այնտեղ մտնող-դուրս եկողներին համակել է մի զգացողություն. «կարող է պատահել մեզ հետեւում են»։ Այս մթնոլորտում են աշխատում կառավարություններում, նախարարություններում, Կենտրոնական բանկում…»,–գրում է «Հայկական ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

Դիտվել է 46 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy