Համաներմամբ ազատ արձակված անձանցից 30-ը կրկնահանցագործություն են կատարել. 7-ը որոնվում են, 1-ը մահացել է

Politik.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ Ոստիկանություն՝ պարզելու, թե Համաներման մասին օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ 2018թ. նոյեմբերի 6-ից հետո համաներմամբ ազատ արձակված անձանցից քանի՞սն են կրկնահանցագործություն կատարել:

Մեր հարցմանն ի պատասխան, Ոստիկանությունից տեղեկացրին, որ Համաներման մասին օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ 2018թ. նոյեմբերի 6-ից մինչև 2019թ. փետրվարի 4-ն ընկած ժամանակահատվածում համաներմամբ ազատ արձակված անձանցից 30-ը կրկին կատարել են 53 հանցագործություն, ընդ որում, 37-ը՝ գողության (որից 12-ը՝ բնակարանային), 2-ական՝ ծեծի, մարմնական վնասվածք պատճառելու, ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալու՝ առանց հափշտակելու նպատակի, սառը զենք պահելու, ավազակության և 1-ական՝ խուլիգանության, գույքի դիտավորյալ վնասման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության գործադրման, սպանության սպառնալիքի, ճանապարհատրանսպորտային պատահարի և դրամանենգության դեպքեր են:

Նշված հանցագործություններ կատարած անձանցից 15-ը ստորագրությամբ բաց են թողնվել, 6-ը՝ կալանավորվել, 1-ը՝ ձերբակալվել, 1-ը՝ ՃՏՊ-ի հետևանքով մահացել է, իսկ 7-ի հայտանաբերման ուղղությամբ ձեռնարկվում են միջոցներ:

Մարիամ Սարգսյան

Այս թեմայով