Համանախագահները սպասում են միջադեպերի հետաքննության մեխանիզմների վերաբերյալ կողմերի եզրակացություններին

Համանախագահներն ու նախագահ Սարգսյանը քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը վերաբերող հարցերԼեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ փորձագիտական մակարդակի դուրս գալու հնարավորությունը կախված է կողմերի պատրաստակամությունից` հաղթահարելու հակամարտության կարգավորման հիմնական հարցերի շուրջ առկա տարակարծությունները և հասնելու շրջանակային համաձայնագրի:

Դրանից հետո հնարավոր կլինի խոսել փորձագիտական խմբերի ստեղծման մասին, նաև նրա համար, որպեսզի այդ համաձայնագրին իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթղթի տեսք տրվի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Ինտերֆաքս» գործակալությանը տված հարցազրույցում այդ մասին նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը` պատասխանելով հարցին` ինչպիսին են ԼՂ խնդրի կարգավորման ուղղությամբ նախագահների երկխոսությունից` փորձագիտական խմբերի մակարդակով պարբերական քննարկումների անցնելու հնարավորությունները:

Նրա խոսքով` Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները  սկզբունքորեն  համաձայնել են բանակցային գործընթացի վերականգնման անհրաժեշտության հարցում:

«Հույս ունեմ, որ կառուցողականությունը կհաղթանակի: Ինչ վերաբերում է զինված միջադեպերի հետաքննությանը, ապա բարձր մակարդակով ձեռք է բերվել համապատասխան մեխանիզմների ուղղությամբ աշխատանքներն ավարտելու պայմանավորվածություն և այժմ ԵԱՀԿ փորձագետները զբաղված են այդ հարցով: Նախորդ շաբաթ ԵԱՀԿ ՄԽ գործընկերների հետ փորձագիտական մշակումները փոխանցել ենք Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին:  Սպասում ենք կողմերի եզրակացություններին»,- ասել է ռուսաստանցի համանախագահը:

Անդրադառնալով շփման գծում խաղաղապահների տեղակայման մասին հարցին` Իգոր Պոպովը նշել է, որ գործնականում հարցը կարող է առաջանալ այն բանից հետո, երբ կարգավորման հարցում ձեռք կբերվեն հիմնական համաձայնությունները:

«Խաղաղապահների տեղակայմանը պետք է նախորդի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևի ընդունումը, ինչպես դա նախատեսված է ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի որոշմամբ:

Խաղաղապահ կոնտինգենտն ընտրվելու է հակամարտության կողմերի համաձայնության հիման վրա ընտրված երկրներից»,- ասել է Պոպովը:

Դիտվել է 34 անգամ
 


Այս թեմայով