Հակառուսական ալիքից վախենալ է պետք

russia-armenia-flagsԱրտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը մտավախություն ունի, որ Ադրբեջանը հետախուզական մարտերից հետո կարող է վերադառնալ իր սկսած գործին:

 «Եթե մենք պաշտպանողական հայեցակարգ ունենք, նրանք հարձակվողական հայեցակարգ ունեն և հարցի լուծումը տեսնում են ռազմական ճանապարհով, ուստի մենք պետք է զբաղվենք նաև դիվանագիտական և միջազգային գործերով»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասաց նա:

 Արման Նավասարդյանը նշեց, թե Հայաստանի համար 88-ի մթնոլորտը վերադարձել է, և ազգը ցույց է տալիս, որ պատրաստ է դիմակայելու իր պետության ու հայրենիքի համար: Միաժամանակ սակայն, ըստ նրա, այսօր հանրապետությունում և մասնավորապես Երևանում ընթացող հակառուսական ալիքից զգուշանալու և նույնիսկ վախենալու առիթ պետք է ունենանք:

 «Այդ հակառուսական ալիքը, որ բարձրացել է կապված զենքերի մատակարարման հետ, արդարացված չէ՝ ամեն ինչ ունի իր բացատրությունը և երկրորդը՝ Մինսկի խմբի աշխատանքի նկատմամբ ունեցած այսօրվա մեր վերաբերմունքը պետք է վերանայվի, նաև մեծ պետությունների քաղաքականությունը այստեղ»,- ասաց նա:

 Վերջին դիտարկումը վերաբերում էր թուրքական գործոնին: Դիվանագետի համար զարմանալի է, որ շատերի մոտ այս հարցի նկատմամբ անտարբերությունն աճում է և իսլամական ու թուրքական գործոնը երկրորդ պլան է ուղղվում՝ առաջին պլանում դիտարկելով Ռուսաստանի գործոնը:

 «Նույնիսկ հեռուստատեսությամբ եմ լսում, թե ընդհանրապես ոչ մի հետք  չեն տեսնում «Իսլամական պետության», այո «Իսլամական պետության» հետք, կարծես թե, կոնկրետ չկա, չնայած ձեռագիրն առկա, է անդամահատելը գերիներին և այլն»,-ասաց նա:

 Արման Նավասարդյանը շեշտեց, թե մի քանի ժամ առաջ Ստամբուլում Թուրքիայի առաջարկությամբ իսլամական 30 պետություններն ընդունեցին հակահայկական մի առաջարկ՝ մասնավորապես Ալիևի մասնակցությամբ, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծվի ըստ այդ բանաձևի՝ տարածքային ամբողջականության սկզբունքով:

 «Բարեբախտաբար իմացանք, որ Իրանը չեզոք դիրքորոշում ունի ինչպես միշտ այս հարցում, թե ով ինչպես է քվեարկել դժվար է ասել, բայց խոսքը նրան է վերաբերում, որ 30-ից ավելի պետություն ունի նման հակահայկական դիրքորոշում, ու եթե  այս իրադրության մեջ մենք մի հատ էլ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները չփչացնենք, այ արդեն կասենք, որ «լրիվ երջանկության համար» մեզ միայն դա էր պակասում»,-ասաց նա:

 ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանի համար այս քառօրյա պատերազմի դասն այն էր, որ միասնությունը հաղթանակ ապահովեց, իսկ ժողովուրդը երկունք պարեց՝ ձախողելով թշնամու բլիցկրիգը:

 

 


Այս թեմայով