Հակառակորդի դիպուկահարից սահմանին շարքային զինծառայող է զոհվել

zinvor-sahmanՊաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ այսօր հակառակորդի դիպուկահարի կրակից հայ–ադրբեջանական սահմանագոտում շարքային զինծառայող է զոհվել։

 «Ցավոք այսօր նաև զոհ ունեցանք: Հակառակորդի դիպուկահարից զոհվել է շարքային Կարեն Պարույրի Հովհաննիսյանը: Խորը վշտով փաստում ենք, որ միևնույնն է ոչինչ անպատասխան չի մնալու»,– ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:

 Այսօր ավելի վաղ ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ այսօր գիշեր կանխվել է ադրբեջանական զինուժի դիվերսիոն ներթափանցման երկու փորձ։

 «Հայկական կողմը Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը բազմիցս զգուշացրել է, որ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ձգտումներն ու հայտարարություններն ինքնախաբեություն են, իսկ այդ տրամաբանությամբ ձեռնարկվող սադրանքները Ադրբեջանի բանակի համար հղի են անկանխատեսելի հետևանքներով:

ՀՀ պաշտպանության նախարարությունը կրկին անգամ կարևորում է հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու և այդ նպատակով ուժերի շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանման, փոխվստահության միջավայրի ձևավորման, ինչպես նաև հրադադարի խախտումների միջազգային հետաքննության մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը»,– ասվում էր ՊՆ մամուլի ծառայության տարածած մամուլի հաղորդագրությունում:

Դիտվել է 92 անգամ
 


Այս թեմայով