Հակաճգնաժամային նախաձեռնող խորհրդի հայտարարությունը

3218608Հուլիսի 29-ին բազմահազար խաղաղ ցուցարարների և Սարի թաղի բնակիչների դեմ ՀՀ ոստիկանության լայնածավալ բռնությունները լցրեցին հանրության համբերության բաժակը։ Այս պահին բուժհաստատություններում գտնվող ծեծված, խոշտանգված, վիրավոր անձանց թիվը տասնյակների է հասնում։ Ժողովուրդը ևս մեկ անգամ համոզվեց, որ ոստիկանության համազգեստի տակ թաքնված մարդկանց բացարձակապես չի հուզում հայ ժողովրդի իղձերի կատարման համար ոտքի կանգնած քաղաքացիների անվտանգությունը, հենց որի պաշտպանությանը պետք է լծված լիներ ՀՀ ոստիկանությունը։ Վերջինս, դաշնակցելով առանձին քրեական հեղինակությունների բանդաների հետ, կազմակերպելով սադրանքներ ցուցարարների նկատմամբ և կիրառելով հատուկ միջոցներ, փորձեց լռեցնել հանրության բողոքի ձայնը։ Արդյունքում տուժեցին ոչ միայն ցուցարարները, այլ նաեւ լրագրողները, Սարի թաղի բնակիչները, այդ թվում մանկահասակ երեխաները։

Գիշերը տեղի ունեցած բռնությունները խաթարեցին նաեւ Հակաճգնաժամային նախաձեռնող խորհրդի գործունեությունը։ Խորհրդի անդամների մի մասը բերման ենթարկվեց և ազատ արձակվեց գիշերը կամ առավոտյան։ Բացի այդ, առանձին անդամներ ստացել են վնասվածքներ, Անդրիաս Ղուկասյանը ձերբակալված է, իսկ որոշ անդամների վերաբերյալ դեռեւս տեղեկություններ չկան։ Այդ իսկ պատճառով, այս պահին Խորհրդի գործունեությունը կաթվածահար է եղած։
Հակաճգնաժամային նախաձեռնող խորհուրդը դիմում է հանրությանը ինքնակազմակերպվելու կոչով։
Բոլոր այն քաղաքացիները, ովքեր անտարբեր չեն «Սասնա ծռեր» ապստամբ խմբի ապագայի նկատմամբ, կիսում են նրանց պահանջները, իրենց համարում են պատասխանատու Հայաստանի ապագայի համար ու չեն խուսափում այս ծանր պահին պատասխանատվության ստանձնումից, պատրաստ են մասնակցելու հետագա քայլերի համար որոշումներ ընդունելուն և դրանք իրականացնելուն, պետք է շարունակեն քաղաքացիական անհնազանդության գործողությունները՝ տարբեր ձևերով կաթվածահար անելով բռնապետական մեքենային։
Հայաստանի ապագան հին հանցավոր համակարգը մերժելու և միահամուռ ուժերով Հայաստանի բոլոր բնակավայրերում մեր ակտիվ մասնակցությամբ նորը կառուցելու մեջ է։
Մինչև Խորհրդի գործունեության լիարժեք վերականգնումը նրա անդամները պատրաստ են անհատապես իրենց մասնակցությունը բերել քաղաքացիների բոլոր ձեռնարկումներին։

Հակաճգնաժամային նախաձեռնող խորհուրդ
30.07. 2016թ

Դիտվել է 186 անգամ
 


Այս թեմայով