Հակահեղափոխության մասին պատմվող սուտը․ Փաշինյանը ասաց ճշմարտությունը

Նիկոլ Փաշինյանը կարճ ժամանակ է եղել իշխանության ղեկին, բայց այս ընթացքում հասցրել է իրարից կարդինալ տարբերվող հայտարարություններ անել միևնույն երևույթի մասին։

Վարչապետ ընտրվելուց կարճ ժամանակ անց նա փորձեց հանրությանը համոզել, որ ԱԺ-ում մեծամասնությունը հակահեղափոխականներ են և ոչնչի առաջ կանգ չեն առնի, որպեսզի ժողովրդից խլեն հաղթանակը։

Փաշինյանի ամենասուր ելույթներից մեկը հնչեց սեպտեմբերի 11-ին, երբ նա Երևանի ավագանու ընտրությունները անվանեց «հեղափոխության և հակահեղափոխության» ընտրություն։ Փաշինյանն իր այս ելույթում չխնայեց անգամ իր գործընկերներին, որոնց հետ ժամանակին կազմել էր ԵԼՔ դաշինքը։ Նա հայտարարեց, որ խորհրդարանական ուժերը հարմար պահ են փնտրում, որպեսզի տապալեն իրեն։ Եվ ահա այս հայտարարությունների արդյունքը իրեն ուշացնել չտվեց՝ Երևանի ավագանու ընտրություններում Փաշինյանի քաղաքական թիմը հավաքեց ձայների 82 տոկոսը:

Արդեն հոկտեմբերի 2-ին, երբ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում էր դեկտեմբերին ընտրություններ անցկացնելու իր անձնական սցենարը, հայտարարեց, որ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն հակահեղափոխական ուժեր են, և ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն կատարելով, ցանկանում են հակահեղափոխություն իրականացնել․

«Այսօր տեղի է ունեցել տխրահռչակ նիստը, եւ օրենքի վիճահարույց նախագիծն ընդունվել է: Մենք կճշտենք տեղեկատվությունը նախագծին կողմ քվեարկած քաղաքական ուժերի եւ պատգամավորների մասին, եւ կարող ենք ասել, որ նրանք Հայաստանում պաշտոնապես հայտարարել են հակահեղափոխություն, բայց տեսնում ենք, որ դա նրանց մոտ չի ստացվի: Հակահեղափոխությունը Հայաստանում շանս չունի: ՀՀԿ-ն պետք է արմատախիլ արվի Հայաստանի քաղաքական դաշտից…Պետք է ՀՀ քաղաքական դաշտից արմատախիլ արվեն նաեւ այն ուժերը, որ աջակցել են հակահեղափոխությանը»,-հոկտեմբերի 2-ին հայտարարում էր վարչապետ Փաշինյանը։ Այս անգամ էլ նա իր ուզածին հասավ՝ շահարկելով հակահեղափոխության վտանգը, և բոլոր քաղաքական ուժերը համաձայնվեցին դեկտեմբերին գնալ արտահերթ ընտրությունների։

Եվ ահա հոկտեմբերի 16-ին վարչապետ Փաշինյանը հրաժարականի ուղերձում իր նախկին հայտարարություններին հակասող հայտարարություն է անում։ Հիմա պարզվում է, ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերը, որոնց նա հակահեղափոխական էր համարում, երբեք չեն անցնի այն սահմանը, որը կվտանգի մեր պետականությունը․«Խորհրդարանական ուժերը ցույց են տվել, որ անկախ բոլոր հակասություններից ու տարընթերցումներից, մեր պետությունը, նրա կայունությունն ու անվտանգությունը կարմիր գիծ են նաև իրենց համար, և հավատում եմ, որ նրանք երբեք այդ գծերը չեն անցնի: Մանավանդ, որ, թե ՀՀԿ, թե Ծառուկյան դաշինք, թե ՀՅԴ խմբակցությունները հրապարակային հայտարարել են, թե չեն պատրաստվում վարչապետի թեկնածու առաջադրել կամ վարչապետ ընտրել»։

Փաստորեն իր վերջին հայտարարությամբ Փաշինյանը փաստեց, որ Հայաստանում հակահեղափոխություն չի եղել։ Պարզապես իր քաղաքական ծրագրերի իրականացման համար ինքը մի փոքր խտացրել է գույները, որպեսզի հասարակությունը իր շուրջը համախմբվի։ Սա, իհարկե, քաղաքական տեխնոլոգիաների առումով դատապարտելի չէ, բայց եթե հաշվի առնենք, որ այդ գործիքը օգտագործել է երկրի ղեկավարը, ապա բավական մտորելու առիթ կա՝ բոլորիս համար։

Այս թեմայով