Հակահեղափոխականները՝ հակահեղափոխական են փնտրում. խոսքի ազատությունը վտանգի առաջ

ՀՀԿ-ական իշխանության տարիներին իշխանությունները սոցիալական ցանցերում պահում էին ֆեյքի մի մեծ բանակ որպեսզի ամեն կերպ խլացնեն ընդդիմադիր գործիչները քննադատությունները, որոնք նրանց անհարմարություն էին պատճառում: Նախորդ իշխանությունների ֆեյքերի «բանակը»  չուներ բարոյականության որևէ սահման ու հաճախ այս ֆեյքերի թիրախում էին հայտնվում լրագրողները և լրատվամիջոցները:

Հիմա իրավիճակն անդառնալիորեն փոխվել է: Հայաստանում կա իշխանություն, որը չի փորձում լռեցնել իր ընդդիմախոսներին, ավելին վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ անգամներ հայտարարել է, որ լրատվամիջոցների քննադատական մոտեցումն է, որ օգնելու է իրենց առավել լավ կառավարել երկիրը: Լրագրողների դերի կարևորության մասին խոսել է նաև վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, ով ևս մասնագիտությամբ լրագրող է:

Ցավալի է, որ անգամ վարչապետի հորդորներից հետո  սոցիալական ցանցերում շարունակվում է լրագրողների և այլ կարծիք ունեցող գործիչների ահաբեկումը: Զավեշտալի է, որ այլակարծության դեմ սկսել են պայքարել նրանք, ովքեր ՀՀԿ-ական իշխանության տարիներին անգամ ընդդիմադիր դաշտից հնչած ամենախենթ գաղափարը անվանում էին «խոսքի ազատություն» , իսկ հիմա ամեն քննադատական միտք այս մարդկանց համար դարձել է «հակահեղափոխություն»:

Փաստորեն մենք կանգնած ենք մի իրողության առաջ, որ իրական հակահեղափոխակաները ամեն այլ կարծիք ունեցողի մեջ հակահեղափոխական փնտրողներն են, քանի որ նրանք այդ կերպ փորձում են սպանել հանրային դիսկուրսը: Այս հակահեղափոխականները շատ մեծ արջի ծառայություն են մատուցում ժողովրդի վստահությունը վայելող Փաշինյանին  ու վնասում են սիրող և հանդուրժողականության հեղափոխության գաղափարներին:

Բորիս Մուրազի

Այս թեմայով