Հազար անգամ թուքումուր կերած մարդիկ են. Մետրոպոլիտենը պարզաբանում է

194281Երեւանի Մետրոպոլիտեն ՓԲԸ-ն հաստատում է, որ այսօր՝ փետրվարի 14-ին աշխատանքից հեռացրել է 3 աշխատակցի: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ընկերության մամուլի քարտուղար Նինել Վարդանյանը հայտնեց, որ հեռացումը ոչ մի կապ չունի փետրվարի 12-ի կուտակայինի դեմ բողոքի ակցիայի հետ:

«Մեր աշխատանքային բնույթից եկող գործընթաց է, որ ուղեմասի պետերը պարբերաբար ստուգումներ են անցկացնում: Բազմաթիվ անգամներ այս երեք հոգին թերացել են իրենց պարտականությունների մեջ: Վերջին ստուգման ժամանակ ուղեմասի պետերը զեկուցագիր են ներկայացրել համապատասխան մասնաճյուղերի պետերին, վերջիններս էլ քաջատեղյակ լինելով նրանց պարտականությունների թերացման մասին՝ տվել են ազատման հրաման»,- ասաց Նինել Վարդանյանը:

Աշխատանքից ազատվել են Անդրանիկ Գեւորգյանը, Սևակ Հովհաննիսյանը եւ Գագիկ Գալստյանը, որոնք փետրվարի 12-ին մասնակցել են բողոքի ակցիային: Մետրոպոլիտենի մամուլի քարտուղարը պնդեց, որ հեռացումը ոչ մի կապ չունի այդ բողոքի հետ. «Ժողովրդական լեզվով ասեմ՝ այդ մարդիկ հազար անգամ թուքումուր կերած մարդիկ են, իրանց ասած կամ չասած»:

Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին Երևանի Մետրոպոլիտենի  մոտ երկու տասնյակ աշխատակիցներն առավոտյան ժամը 10:00-ից հավաքվել էին Մետրոպոլիտենի գլխավոր վարչության շենքի մոտ՝ բողոքելու պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ: «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը փետրվարի 14-ին տարածել էր, որ այդ ակցիայից հետո երեք աշխատակից հեռացվել են աշխատանքից:

Լուսանկարը՝  ԱրսենՍարգսյանի/NEWS.am

Դիտվել է 74 անգամ
 


Այս թեմայով