Կրեմլը մեկնաբանել է Հայաստանում, Թուրքիայում և Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունները

peskovՄիանման որակել Թուրքիայում, Հայաստանում և Ղազախստանում տեղի ունեցած իրադարձությունները չի կարելի: Եթե մի դեպքում դա հեղաշրջում է, ապա մյուսում՝ կրիմինալ, ընդ որում, ՌԴ սահմաններին անվտանգությունն ապահովված է պատշաճ կերպով, իսկ Ռուսաստանը շահագրգիռ է իր հարևանների կայունությամբ և բարգավաճմամբ: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Միանման որակել տարբեր երկրներում տեղի ունեցող իրադարձությունները չի կարելի, որովհետև հարկավոր է վերլուծել յուրաքանչյուր կոնկրետ դեպքը: Մի դեպքում խոսքը, անկասկած, ուժային մեթոդով պետական հեղաշրջման փորձի մասին է, ինչը հանգեցրել է բազմաթիվ մարդկային զոհերի, իսկ մյուս դեպքում՝ տարբեր կրիմինալ դրսևորումներ են»,- ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Կրեմլում կապ չեն տեսնում Թուրքիայում, Հայաստանում և Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունների միջև: Պեսկովի խոսքով՝ ռուսական սահմանների անվտանգությունն ապահովվում է պատշաճ եղանակով, իրենք ուշադիր հետևում են իրավիճակին: «Անկասկած, նման տուրբուլենտության դրսևորումները մեր սահմանների մոտ անհանգստություն են առաջացնում: Անկասկած, սա ստիպում է չափազանց ուշադիր հետևել իրավիճակին, այն վերլուծել: Երկրի անվտանգությունն անկասկած ապահովվում է պատշաճ մակարդակով, բայց, իհարկե, հաշվի առնելով եկող տեղեկությունները, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ»,- ասել է Պեսկովը: «Իհարկե, մենք կցանկանայինք մեր հարևաններին տեսնել որպես կայուն, բարգավաճ ու կանխատեսելի պետություններ: Տվյալ դեպքում կան բոլոր հիմքերը ենթադրելու, որ մեր հարևաններն ունեն անհրաժեշտ ներուժ այդպիսին լինելու համար»,- ընդգծել է նա:

Դիտվել է 333 անգամ
 


Այս թեմայով