Կրակոցներ նախկին պատգամավորի ռեստորանում․ կա մեր զոհ, ութ վիրավոր

Գիշերը կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում: Ժամը 02:10-ի սահմաններում ոստիկանության Աբովյանի բաժին ահազանգ է ստացվել Աբովյանի եւ Երեւանի մի քանի հիվանդանոցներից, որ հրազենային եւ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ, մի հոգի էլ մահացած վիճակում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Կոտայքի  խումբը, ժամանել են նաեւ Հայաստանի քննչական կոմիտեի քննիչներ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածն ու վիրավորները հիվանդանոցներ են տեղափոխվել Աբովյան քաղաքում գործող ԱԺ նախկին պատգամավոր «Շշի Մելո» մականվամբ Մելիքսեթ Մանուկյանին պատկանող «Պարտեզ» ռեստորանայյին համալիրից: Դեպքի վայր են ժամանել նաեւ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության մեծ թվով փորձաքրեագետներ, ռեստորանի բակն ու հարակից տարածքը հիշեցնում է մարտի դաշտ:

Գործի է դրվել մի քանի տեսակի զենքեր, այդ թվում «Մակարով» եւ «TT» տեսակի ատրճանակներ, ռեստորանի եւ դրան հարակից տարածքում հայտնաբերվել են մեծ թվով կրակված պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, երկաթե լինգ, որի վրա առկա է արյան հետք, եւ արյունոտ գլխարկ: Ոստիկաններն ու քննիչները պարզում են սպանվածի, եւ 8 վիրավորների ինքնությունը: Ռեստորանի կուպեներից մեկում հայտնաբերվել են «կառտեր», եւ այդ կուպեն քննիչի որոշմամբ փակվել է, որպեսզի հատուկ փորձագետները զննություն կատարեն:

Փաստի առթիվ ստեղծվել է քննչական խումբ եւ խմբի ղեկավարի որոշմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր. Օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի, 34-104 հոդվածի եւ 235 հոդվածի հատկանիշներով: Կայքի տեղեկություններով, վիրավորների մեջ են ԱԺ նախկին պատգամավոր Մ. Մարտիրոսյանի ազգականները: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, ժամանել է նաեւ կոտայքի մարզի դատախազը:

Այս թեմայով