Կստեղծվեն նոր աշխատատեղեր

Կառավարությունը բավարարել է «Ռոք բերի» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար:

Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է ջերմոցային տնտեսության կառուցման համար։ Ծրագրի շրջանակում իրականացվելու է 2,6 մլրդ ՀՀ դրամի ներդրում։ Արդյունքում կստեղծվի 60 աշխատատեղ՝ 180 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կկազմի մոտ 2 մլրդ ՀՀ դրամ, որի մի մասը՝ մոտ 0,2 մլրդ ՀՀ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, մյուս մասը կարտահանվի ԵԱՏՄ անդամ-երկրներ:

Մաքսատուրքից ազատման արտոնությունից կօգտվի նաև «Արման ընդ պարտնյոր» ՍՊԸ-ն. կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ընկերությունն ապրանքներն օգտագործվելու է սառնարանային պահեստների կառուցման համար։ Ծրագրի շրջանակում իրականացվելու է 10 մլն ԱՄՆ դոլարի ներդրում։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 100 աշխատատեղ՝ 120 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կկազմի 255,5 մլն ՀՀ դրամ, որի մի մասը կիրացվի ՀՀ տարածքում, մյուս մասը կարտահանվի:

Մեկ այլ որոշմամբ էլ «Սահլևս» ՍՊԸ-ին տրամադրվել է ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգման արտոնություն: Ընկերությունը նախատեսում է իրականացնել ներդրումային ծրագիր, որի արդյունքում նախատեսում է ընդլայնել արդեն իսկ գործող կենցաղային կրակայրիչների արտադրամասը արտադրանքի համար անհրաժեշտ հումքով և նյութով։ Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 850 մլն ՀՀ դրամի չափով ներդրում: Արդյունքում կստեղծվի 90 նոր աշխատատեղ՝ 160 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով:

Գործադիրի որոշմամբ «Բոնվառոն» ՍՊԸ-ին տրամադրվել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտու տարածքում շահագործողի թույլտվություն՝ մշակող արդյունաբերության, առևտրի, լոգիստիկ ոլորտներում գործունեություն ծավալելու նպատակով: Ծրագրի ընթացքում արտահանման տարեկան ծավալները նախատեսված է 1 մլն ԱՄՆ դոլարից հասցնել 5,1 մլն ԱՄՆ դոլարի: Ընկերությունը նախատեսում է իրականացնել շուրջ 195 մլն ԱՄՆ դոլար ներդրումներ, կստեղծվի 102 նոր աշխատատեղ:

Այս թեմայով