Home » ՄԱՄՈՒԼ » Կոռուպցիայի պետաիշխանական դիմագծի մերօրյա դրսևորումները

Կոռուպցիայի պետաիշխանական դիմագծի մերօրյա դրսևորումները

Գագիկ Հարությունյանը՝ իր նախագահ դառնալու լուրերի մասինԹերթը ներկայացնում է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի հոդվածը Կոռուպցիոն խնդիրների ու «Իրավունքի գերակայության ինդեքսի» միջազգային իրողության վերլուծության վերբերյալ: Ներկայացնում ենք ծավալուն հոդվածից մի հատված.

Ի՞նչ են վկայում «Իրավունքի գերակայության ինդեքս» ծրագրի և ԱՄՆ «Ազա­տության տուն» կազմակերպության հետազոտությունների հիման վրա կատարված   դիտարկումները:

Նախ`   ուշագրավ է, որ «Իրավունքի գերակայության ինդեքս» ծրագրի շրջա­նակ­ներում ուսումնասիրման առարկա դարձած 102 երկրից միայն 17-ում է, որ պե­տական իշխանու­թյան կո­ռուպցիայի մակարդակը 20 տոկոսից ցածր է, և միջին թիվը 13.5 տոկոս է: Ամե­նա­ցածր կոռումպացված երկրների առաջին հնգյակում են Դա­նիան, Նորվեգիան, Սին­գապուրը, Շվեդիան և Ֆինլանդիան:

Երկրորդ` թվով 14 երկրներում կոռուպցիայի միջին մակարդակը կազմում է 30.14 տո­կոս: Այս խմբում է նաև ԱՄՆ-ը, որտեղ պետական իշխանության կո­ռուպ­ցիայի մա­կար­դակը կազմում է 25 տոկոս: Ֆրանսիայում այն նույնպես 25 տոկոս է, Էստոնիայում` 22, Վրաս­տանում` 27, Պորտուգալիայում` 28, Իսպանիայում` 31, Չե­խիայում` 34, Լեհաստանում` 35, Սլովենիայում` 40 տոկոս և այլն:

Երրորդ` երրորդ խումբ երկրներում, որոնք թվով 11 են, կոռուպցիայի միջին մա­կար­դակը 46.37 տոկոս է: Այս խմբում են նաև Իտալիան /41տոկոս/, Հունաստանը /46 տոկոս/, Խորվաթիան /46 տոկոս/, Ռումինիան /48 տոկոս/, Չինաստանը /49 տո­կոս/ և այլն:

Չնայած այս ծրա­գրում Հայաստանը և մի շարք այլ երկրներ ներառված չեն, այսուամենայնիվ, «Ազա­տության տուն» կազմակերպության և «Իրավունքի գերակա­յու­թյան ինդեքս» ծրագրի շրջանակներում Վրաստանի, Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի, Չեխիայի և Հայաստանի վերաբերելի տվյալների համադրմամբ կա­տարված հաշ­վարկները  վկայում են, որ Հայաստանը նույնպես կարող էր ընդգրկ­վել այս խմբում` մոտավորապես 46 տոկոս կոռուպ­ցիայի  մակարդակով, որը նույնպես մտահոգիչ թիվ է և համարժեք ներազդման քայլեր է պահանջում:

Չորրորդ` «Իրավունքի գերակայության ինդեքս» ծրագրի շրջանակներում ընդ­գրկված 102 երկրներից 2015 թվա­կանին 60-ում պետական իշխանության մար­մին­ների կոռումպացվածության աստի­ճանը հասել է 50 և ավելի տոկոսի: Ծրագրում ընդգրկված Արևելյան Եվրոպայի ու մեր տարածաշրջանի երկր­ներից դրանց թվում են Հունգարիան, Թուրքիան, Ռուսաս­տանի Դաշնությունը, Ղազախստանը, Իրանը, Սերբիան, Բուլղարիան, Ալբանիան, Ուզբեկստանը, Ուկրաինան, Ղրղզստանը, Մոլ­դովան և այլն:

Այն փաստը, որ ուսումնասիրված երկրների 58 տոկոսից ավելիում կոռուպ­ցիայի մակարդակը 50 և ավելի տոկոս է, վկայում է ահագնացող չափերի ու ընդգրկ­ման հասնող մետաստազի մասին, որի հաղթահարման ուղղությամբ իրականացվող քայլերը հա­մարժեք չեն վտանգի աստիճանին: Նման ցուցանիշը նաև սահմա­նադրա­կանության լրջագույն դեֆիցիտի վկայություն է ու սոցիալական կատակլիզմների պատճառ:

Հինգերորդ` եթե փորձում ենք այդ ծրագրի տեղեկատվության շրջանակ­նե­րում գնահատել վերջին երեք տարիների դինամիկան, ապա մի շարք երկրների հա­մար այն ունի հետևյալ պատկերը. ԱՄՆ-ում վերջին երեք տարում կոռուպցիայի մա­կար­դակը բարձրացել է 3 տոկոսային կետով` 22-ից հասնելով 25 տոկոսի, Հուն­գարիայում այն բարձրացել է 22 տոկոսային կետով` 28-ից հասնելով 50 տոկոսի, Լե­հաստանում բարձրացել է 17 տոկոսային կետով, Թուրքիայում` 6, Բուլղարիայում` 7, Մոլդո­վայում` 5 տոկոսային կետով և այլն:

Վեցերորդ`  վիճակն ավելի վատթար է հասարակական տրանսֆորմացիա ապ­րող շատ երկրներում` հատկապես վերջին տասնամյակի տվյալներով: Նման պատ­­կերի բացահայտման համար առավել լայն հնարավորություն է ընձեռում «Ազա­տու­թյան տուն» կազմակերպության կողմից հրապարակվող տեղեկատվությունը 2006-2015 թվականներին /տե’ս Nations in Transit 2015, էջ 24/: Ըստ այդ տվյալների նշված տարիներին վերափոխվող հասարակական համակարգերում կո­ռուպ­ցիայի գործա­կիցը, հետևա­բար` նաև դրա փաստացի մակարդակը, մասնավորապես.

ա/ աճ է գրանցել.
Բուլղարիայում 13.3 տոկոսով, Հունգարիայում` 25.0, Լեհաստանում` 7.7, Սլո­վակիայում` 25.0, Սլովենիայում` 11.1, Ադրբե­ջանում` 8.0, Ռուսաստանի Դաշնու­թյունում` 12.5, Ուկրաինայում` 4.3, Ուզբեկս­տանում` 3.8 տոկոսով,

բ/ իջել է.
Վրաստանում` 18.2 տոկոսով, Լատվիայում` 7.7, Լիտվայում` 12.5, Խորվա­թիայում` 15.8, Մակեդո­նիայում` 10.5, Չեռնոգորիայում` 4.8, Սերբիայում` 10.5, Հա­յաս­տանում` 8.7 տոկոսով:

 Յոթերորդ` ըստ «Իրավունքի գերակայության ին­դեքս» ծրագրի` Նախկին ԽՍՀՄ պե­տություններից կոռուպցիայի առումով առավել վտանգավոր վիճակ է ար­ձա­նագրվել Մոլ­դովայում, որտեղ այն գնահատվում է 72 տոկոս, Ղրղզստանում` 70 տոկոս, Ուկ­րաի­նայում և Ուզբեկստանում` 64 տոկոս, Ռուսաս­տանի Դաշ­նությու­նում և Ադր­բեջա­նում` 56 տոկոս, Ղազախստանում` 55 տոկոս:
Երկրում սահմանադրականության վիճակի գնահատման տեսանկյունից բեր­ված ընդհանուր պատկերը հասարակական օրգանիզմի իմունային անբավա­րա­րության վիճակի արտացոլանքն է և հաղթահարման համարժեք մոտեցում­ներ է պահանջում:

Չենք բացառում, որ շատերը թերահավատորեն կվերաբերեն հիշյալ կազմա­կերպու­թյունների կողմից ներկայացվող ուսումնասիրությունների արդյունքներին: Մենք կարծում ենք, որ ընդհանրական պատկերն առկա իրավիճակին համարժեք է, իսկ  խնդրի լուծումը պետք է փնտրել ոչ թե «ծուռ հայելուն» մեղադ­րելու տրամաբա­նու­թյամբ, այլ յուրաքանչյուր երկրում իրավիճակի օբյեկտիվ ու բազ­մա­գործոն ախտո­րոշ­ման ու համարժեք լուծումներ գտնելու ճանապարհով:
Կոռուպցիայի դեմ պայքարող ցանկացած հանձնաժողովի գործունեությունը կշարունակի անպտուղ մնալ այնքան ժամանակ, քանի դեռ նման համակողմանի ու բազմագործոն ախտորոշում ար­ված չէ ու դրանից բխող ծրագրանպատակային հա­մարժեք քայլեր ձեռնարկված չեն:
Այս հարցում ձևական մոտեցումը ոչինչ չանելուց առավել վտանգավոր է:

Ամբողջությամբ՝ «Առավոտ» թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 62 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy