Home » ՊԱՇՏՈՆԱԿԱՆ » Կոնգրեսի հայտարարությունը սահմանադրական փոփոխությունների մասին

Կոնգրեսի հայտարարությունը սահմանադրական փոփոխությունների մասին

հակ12015թ. հուլիսի 15-ին իշխանությունները հրապարակեցին սահմանադրական փոփոխությունների, իսկ իրականում` նոր Սահմանադրության նախագիծը: Նախագծի բովանդակությունն ապացուցում է Հայ Ազգային Կոնգրեսի եւ ուրիշների այն կանխատեսումը, որ, խորհրդարանական համակարգի անցման քողի տակ, Սերժ Սարգսյանի միակ նպատակը նախագահի պաշտոնավարման երրորդ ժամկետի սահմանադրական արգելքի շրջանցումն է և իր հակաժողովրդավարական ռեժիմի վերարտադրության ապահովումն ու հավերժացումը: Ծրագրված է խնդիրը լուծել Ազգային ժողովում ՀՀԿ-ի բացարձակ մեծամասնությունը սահմանադրորեն երաշխավորելու և Սերժ Սարգսյանի ձեռքում բացառիկ լիազորություններով օժտված Ազգային ժողովի նախագահի և Հանրապետական կուսակցության գենսեկի պաշտոնները մեկտեղելու միջոցով:

Այդ նպատակով սահմանադրական փոփոխությունների նախագծում ներառվել են հետևյալ դրույթները.

  1. Սահմանադրությամբ երաշխավորվում է կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորումը (հոդված 89-ի 3-րդ մաս), ինչի նախադեպը աշխարհում գոյություն չունի: Տրվում է «կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորման» երաշխավորման մեխանիզմը` խորհրդարանական ընտրությունների արդյունքներով առավելագույն ձայներ ստացած երկու քաղաքական ուժերի միջև` պառլամենտարիզմի համաշխարհային պրակտիկայում դեռևս երբեք չփորձարկված` քվեարկության երկրորդ փուլ անցկացնելու միջոցով (հոդված 89-ի 4-րդ մաս): Այս կերպ ոչնչացվում է ժողովրդավարական առանցքային սկզբունքներից մեկը, որ երկրի կառավարումը կարող է ստանձնել միայն ժողովրդի բացարձակ մեծամասնության աջակցությունը ստացած քաղաքական ուժը կամ քաղաքական ուժերի կոալիցիան:
  2. Ազգային ժողովի նախագահը սահմանադրական նախագծով ստանում է պետական կառավարման մեջ առաջին դեմքի դերը: Նա օժտվում է Վարչապետի թեկնածու առաջադրելու` խորհրդարանի խոսնակի  համար համաշխարհային պրակտիկայում աննախադեպ լիազորությամբ, ինչը գործող Սահմանադրությամբ վերապահված է ՀՀ Նախագահին, իսկ խորհրդարանական համակարգերում` կամ սահմանադրական միապետին, կամ` երկրի նախագահին, կամ` խորհրդարանին: Թեև սահմանվում է, որ Վարչապետ է նշանակվում Ազգային ժողովի ընտրություններում հաղթած կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի ներկայացրած թեկնածուն  (հոդված 148-ի 1-ին մաս), այնուամենայնիվ, Վարչապետի պաշտոնը թափուր մնալու դեպքում նոր Վարչապետի թեկնածուին առաջադրում է Ազգային ժողովի նախագահը (հոդված 148-ի 2-րդ մաս): Քանի որ նախագծում նախատեսված է, որ քաղաքական մեծամասնությունը ցանկացած պահի և ցանկացած առիթով կարող է անվստահություն հայտնել Վարչապետին (հոդված 113-ի 2-րդ մաս և հոդված 115), և որպես դրա հետևանք՝ նաև կառավարությանը (հոդված 157), հետևաբար՝ Ազգային ժողովի նախագահը գործադիր իշխանության ձևավորման հարցում ստանձնում է որոշիչ դերակատարություն: Ընդ որում՝ առաջին անգամ Հայաստանի պրակտիկայում, անձի, տվյալ դեպքում՝ Վարչապետի ընտրությունը Ազգային ժողովը պետք է կատարի բաց` անվանական քվեարկությամբ (հոդված 148-ի 4-րդ մաս): Նման կարգը Ազգային ժողովի նախագահին թույլ կտա քաղաքական ճնշումներ գործադրել պատգամավորների վրա` ամրապնդելով նրա վերահսկողությունը Վարչապետի ընտրության գործընթացի վրա:
  3. Խորհրդարանական կառավարման սկզբունքներին հակառակ՝ Ազգային ժողովի նախագահի դիրքերը ամրապնդելու նպատակով էապես թուլացված է պետության իբր առաջին դեմքի` Վարչապետի ինստիտուտը: Արդեն նշվեց, որ քաղաքական մեծամասնությունը ցանկացած պահի և ցանկացած առիթով, հեշտացված կարգով կարող է անվստահություն հայտնել Վարչապետին: Ավելին, քաղաքական մեծամասնությունը ցանկացած պահի և ցանկացած առիթով, հեշտացված կարգով, խորհրդային ժամանակների օրինակով կարող է անվստահություն հայտնել նաև Կառավարության որևէ առանձին անդամի (հոդված 113-ի 2-րդ մաս): Այս դեպքում կառավարությունը հանդես չի գալիս որպես Վարչապետի միասնական թիմ, քանի որ յուրաքանչյուր նախարար քաղաքական կախվածության մեջ է հայտնվում խորհրդարանի քաղաքական մեծամասնության ղեկավար հանդիսացող Ազգային ժողովի նախագահից: Ազգային ժողովի նախագահին հակակշիռ՝ իշխանության երկրորդ բևեռը բացառելու նպատակով, նախագծով խաղաղ պայմանների համար նախատեսված չէ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի ինստիտուտը (հոդված 154-ի 2-րդ մաս), իսկ զինված ուժերի անմիջական ղեկավարման պարտականությունը խաղաղ պայմաններում դրված է պաշտպանության նախարարի վրա (հոդված 154-ի 1-ին մաս), ով, կառավարության մյուս անդամների պես՝ կախվածության մեջ է Ազգային ժողովի նախագահից:
  4. Ազգային ժողովի Նախագահը եւ նրա ղեկավարած քաղաքական մեծամասնությունը նախագծով ստանում են դատական իշխանության ձեւավորման բացառիկ հնարավորություններ, քանի որ Ազգային ժողովն է ընտրում Վճռաբեկ դատարանի դատավորներին և պալատների նախագահներին (հոդված 164-ի 3-րդ մաս), նշանակում Վճռաբեկ դատարանի նախագահին (հոդված 164-ի 4-րդ մաս), ընտրում Սահմանադրական դատարանի դատավորներին (հոդված 166-ի 2-րդ մաս), ընտրում առաջին ատյանի ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարանների, ինչպես նաև վերաքննիչ դատարանների դատավորների թեկնածուներին առաջադրելու և դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու բացառիկ իրավասություններով օժտված Բարձրագույն դատական խորհրդի կազմի կեսին (հոդված 172-ի 1-ին մաս):
  5. Ազգային ժողովի Նախագահը եւ նրա ղեկավարած կուսակցությունը նախագծով ստանում են նաև Կարգավորող հանձնաժողովներ ստեղծելու (այսօր գործող օրենսդրությամբ դրանք են` տնտեսական մրցակցության պաշտպանության, հանրային ծառայությունները կարգավորող, հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովները) և դրանց անդամներին նշանակելու բացառիկ լիազորություններ (հոդված 122):
  6. Ազգային ժողովի նախագահին հակակշիռները վերացնելու նպատակով Հանրապետության նախագահի ինստիտուտը վերածված է ձևական, արարողակարգային պաշտոնի, որին, ըստ էության, նշանակելու է ՀՀԿ-ի քաղաքական խորհրդի ընդլայնված նիստը (հոդված 125):
  7. Եւ Վարչապետի, եւ Նախագահի համար նախագիծը նախատեսում է պաշտոններից հեռացման մեխանիզմներ` անվստահություն հայտնելու մեխանիզմ՝ Վարչապետի, եւ պաշտոնանկության մեխանիզմ՝ Նախագահի պարագայում: Ազգային ժողովի նախագահի պաշտոնը էլ ավելի է ամրապնդված նրանով, որ Սահմանադրության նախագծի մեջ նա միակ պաշտոնյան է, ով չի կարող հեռացվել որեւէ մեխանիզմով: Ազգային ժողովի նախագահը ընտրվում է Ազգային ժողովի լիազորությունների ամբողջ ժամկետով (հոդված 104-ի 1-ին մաս), միաժամանակ՝ նախագծի տեքստում բացակայում է որևէ դրույթ, որով կնախատեսվեր Ազգային ժողովի նախագահի հետկանչի հնարավորություն: Նախագծում չկա նաև որևէ դրույթ, որով կսահմանափակվեր Ազգային ժողովի նախագահի պաշտոնում նույն անձի` բազում անգամներ ընտրվելու իրավունքը:

Սերժ Սարգսյանի և նրա ղեկավարած ավազակախմբի վերարտադրության և իշխանության հավերժացման նպատակով ստեղծված նոր Սահմանադրության նախագիծը, ըստ էության, իշխանության յուրացման նպատակով հերթական պետական հեղաշրջման ծրագիր է: Նրանով հասարակությանը միաժամանակ հրամցվում է հասարակական – քաղաքական հարաբերությունների մի համակարգ, որը լուրջ սպառնալիքներ է պարունակում Հայաստանի պետականության համար: Մասնավորապես՝

Խեղվում է պետական կառավարման համակարգը.

-        Ձևավորվում է միակենտրոն իշխանական համակարգ՝ Ազգային ժողովի նախագահի և նրա ղեկավարած կուսակցության լայն, գրեթե անսահմանափակ լիազորություններով,

-        Խախտվում է իշխանության երեք ճյուղերի՝ օրենսդիր, գործադիր և դատական, տարանջատման և հավասարակշռման սկզբունքը: Հակակշիռները վերացվում են հօգուտ Ազգային ժողովի, կամ, որ ավելի ճիշտ է ասել՝ հօգուտ իշխող կուսակցության, որն ուղղակիորեն կառավարում կամ վերահսկում է թե գործադիր, թե դատական իշխանությունները,

-        Իշխանական համակարգը վերածվում է ուղղաձիգ բուրգի, որի գագաթին հայտնված Ազգային ժողովն ու նրա նախագահը, սակայն, չեն կրելու որևէ իրական պատասխանատվություն կառավարման արդյունքների համար,

-        Գործադիր իշխանությունը ղեկավարվելու է թույլ, խոցելի և անկայուն կառավարության և նույնքան թույլ և խոցելի Վարչապետի կողմից, որոնց վրա է դրվելու, սակայն, երկրի զարգացման ծրագրերի կատարման, արտաքին քաղաքականության և անվտանգության ապահովման ամբողջ պատասխանատվությունը:

Խաթարվում է ազգային անվտանգության համակարգը.

-        Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման և զինված ուժերի ղեկավարման պատասխանատվությունը կրելու են թույլ և խոցելի Վարչապետն ու կառավարությունը, մինչդեռ երկրի անվտանգության համար պատասխանատու մարմինները պետք է օժտված լինեին բարձր իմունիտետով,

-        Խաղաղ պայմաններում (այդ թվում՝ կիսապատերազմական իրավիճակում, որպիսին այժմ առկա է) երկիրը չի ունենալու զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, հետևաբար՝ պաշտպանության ընդհանուր համակարգի պատասխանատու,

-        Պատերազմական իրավիճակում զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի պարտականությունները ստանձնելու է Վարչապետը, ով մինչ այդ էական առնչություն չի ունենալու զինված ուժերի ղեկավարման հետ, իսկ պաշտպանության բնագավառում նրա լիազորությունները սահմանափակվելու են նրանով, որ որպես տարին ընդամենը մի քանի անգամ հրավիրվող Անվտանգության խորհրդի ղեկավար, մշակելու է պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները,

-        Զինված ուժերի և երկրի արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարումն իրականացնելու է, հետևաբար՝ ռազմական և բանակցային գաղտնիքի կրող է լինելու կոլեկտիվ կառավարման մարմինը՝ կառավարությունը, ինչն էապես սահմանափակելու է օպերատիվ լուծումների հնարավորությունները,

-        Բոլորովին կարգավորված չէ, թե ում ենթակայության տակ են գտնվելու անվտանգության համակարգի մյուս միավորները, մասնավորապես՝ զինված ուժերի գլխավոր շտաբը, ռազմարդյունաբերական համալիրը և այլն:

Ըստ էության՝ վերացվում է ժողովրդավարական կարգը, և սահմանադրորեն ամրագրվում է բռնապետության հաստատումը.

-        Առաջին հայացքից՝ կարճ ժամանակահատված՝ հինգ տարի, սակայն նկատի ունենալով ընտրական համակարգի ոչնչացումը՝ իրականում Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը հավերժ կենտրոնանալու է մեկ ուժի  ձեռքում՝ պարարտ հող ստեղծելով բռնապետության վերջնական հաստատման համար: Նման համակարգի ձևավորումը կարելի է անվանել սահմանադրական բռնապետության հաստատման փորձ, կամ, այլ կերպ ասած՝ ավազակապետական համակարգի օրինականացում,

-        Քաղաքական մենաշնորհի հաստատման միջոցով երկրում սահմանադրության ուժով ստեղծվում է պարտոկրատիա, և փորձ է արվում ոչնչացնել երկրի քաղաքական և քաղաքացիական համակարգերը, որոնք թեև վերջնականապես ձևավորված չեն, թեև անկատար են, սակայն լուրջ պատվար են՝ ընդդեմ բռնապետական նկրտումների,

-        Այսպիսի համակարգի ներդրումից հետո Հայաստանում իշխանության որևէ փոփոխություն հնարավոր կլինի միայն հասարակություն – իշխանություն սուր առճակատման և ցնցումների միջոցով:

Այսպիսով, սեփական իշխանության հավերժացման մոլուցքով տարված Սերժ Սարգսյանն ու նրա կլանը չեն խորշում դա անել երկրի կառավարման և անվտանգության համակարգերը փլուզելու, Հայաստանը արտաքին վտանգների նկատմամբ թույլ պաշտպանված և ներքին անկայունությամբ հղի երկիր դարձնելու գնով: Ներկայացված նախագծով Սերժ Սարգսյանը ձևակերպել է պետության մասին իր պատկերացումները, որտեղ առաջնայինը ոչ թե երկրի անվտանգությունն ու բարեկեցությունն են, ոչ թե ժողովրդավարական արժեքները, այլ կլանի հավերժ իշխանավարման համար մանիպուլյացիոն մեխանիզմների ստեղծումը:

Երկրին սպառնացող վտանգից խուսափելու միակ ճանապարհը քաղաքական ուժերի և ընդհանրապես ամբողջ հասարակության համախմբումն ու դիմադրության լայն ճակատի ստեղծումն է: Հայ Ազգային Կոնգրեսը իր բոլոր ուժերն ու հնարավորությունները կներդնի դիմադրության այդ ճակատը ձևավորելու համար և կոչ է անում քաղաքական և հասարակական բոլոր միավորներին, մի կողմ դնելով տարաձայնությունները՝ միանալ պայքարին:

Հայ Ազգային Կոնգրեսը վստահ է, որ Հայաստանի պետականությանը սպառնացող այս վտանգը համազգային դիմադրության եւ հակազդեցության կարժանանա ողջ աշխարհի հայության կողմից:

Մենք դիմում ենք նաև միջազգային կազմակերպություններին՝ որևէ կերպ չաջակցել Հայաստանի իշխանության այս արկածախնդրությանը՝ այն համարելով հակաժողովրդավարական նախաձեռնություն և Հայաստանում բռնապետություն հաստատելու փորձ:

Դիտվել է 60 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy