Կյանք հանուն հայրենիքի. Անդրանիկ Մարգարյան պետական գործիչը

Վաղը՝ մարտի 25-ին լրանում է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան 11-րդ տարելիցը:

Politik.am-ը հետ հայացք է գցել հասարակա-քաղաքական գործչի ապրած 55 կարճ, բայց բովանդակալից տարիների աշխատանքին, քանի որ Ա. Մարգարյանը մեր պետականության ակունքներում կանգնած կարևորագույն գործիչներից մեկն է, որի կյանքի և գործունեության մասին, կարևոր է, որ մեր և գալիք սերունդները տեղյակ լինեն :

Անդրանիկ Մարգարյանը ծնվել է 1951թ. հունիսի 12-ին Կրասնոդարի երկրամասում ուսուցիչների ընտանիքում։ Ապա ընտանիքով տեղափոխվել են Երեւան, ապրել Վարդաշենում։ Հայրը մաթեմատիկայի ուսուցիչ էր, մայրը` հայոց լեզվի։ Ծնողները արմատներով Արեւմտյան Հայաստանից էին` Մուշից։

Դեռ  14 տարեկանում Անդրանիկ Մարգարյանը հիմնադրում է «Աշակերտական պայքար» գաղտնի միությունը։ 1968 թվականից եղել է խորհրդային տարիներին ընդհատակյա գործող Ազգային միացյալ կուսակցության անդամ, 1973 թվականից՝ ԱՄԿ խորհրդի անդամ։

1967-1972թթ. Անդրանիկ Մարգարյանը սովորում է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետում` ստանալով հաշվիչ մեքենաների ինժեների որակավորում: 1972-74թթ. աշխատել է Գազի արդյունաբերության համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի Երեւանի մասնաճյուղում որպես գիտաշխատող, ավագ ինժեներ: Սակայն 1974թ. նոյեմբերի ձերբակալվում է ՊԱԿ-ի կողմից: Միխայիլ Խեյֆեցի հայտնի վավերագրական գրքի մի դրվագում պատմվում է, որ ընդհատակյա գործիչներից մեկը ձերբակալվել է, երբ ԱՄԿ կալանավորված ղեկավարներից մեկը նրան անզգուշորեն գրություն է ուղարկել ՊԱԿ-ի աշխատակցի հետ: Շատերը հակված են կարծելու, որ ձերբակալվածը հենց Անդրանիկ Մարգարյանն է: Նրա մոտ հայտնաբերվում են հակասովետական, ազգայնական բովանդակության նյութեր: Եվ ահա այս ամենից ոչ ուշ՝ նոյեմբերի 10-ին ՝ խորհրդային վարչակարգի դեմ պայքարելու մեղադրանքով  քրեական գործ է հարուցվում, որի արդյունքում վերջինիս դատապարտում են 2 տարվա  ազատազրկման:

Ազատազրկումից վերադառնալուց հետո՝ 1977թ. աշխատանքի է ընդունվում Հայաստանի էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտում որպես ինժեներ, սակայն տարիներ անց հավատարիմ մնալով պայքարող իր տեսակին՝ 80-ականների կեսերից, վերադառնում է քաղաքական գործունեությանը: Ընդգրկվում է Հովիկ Վասիլյանի ստեղծած “Հայ Դատ” կազմակերպությունում, և որի օգնությամբ ստեղծվում է Բերդաձորի երկրապահների ջոկատը: Այդ ջոկատը  հաջողությամբ մասնակցում է մի շարք ռազմական գործողություների ԼՂ-ում և Հայաստանի սահմանամերձ տարածքնեում:

Մարգարյանը իր անհատականություն դրսևորումը ցույց էր տալիս տալիս նաև իր նվիրումով առ հայրենիք, և ահա այդ հոգեբանության կրողը լինելով մասնակից է լինում ԼՂ-ի պայքարի տարիներին՝ կամավորական ջոկատների ստեղծմանը, մարտական գործողություններին, իսկ 1990-94թթ. ղեկավարում Հատուկ ծրագրերի պետական վարչության ինֆորմացիայի բաժինը։

1992 թ.-ին՝ անկախ Հայաստանում, դառնում է իր համախոս Աշոտ Նավասարդյանի հիմնած և  երկրի առաջին գրանցված կուսակցության՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության  անդամ, որի խորհրդի նախագահն է լինում 1993 թվականից մինչև իր մահը:

1994-95թթ. Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում աշխատում է որպես կրտսեր գիտաշխատող, 1995 թ-ին ընտրվում է Ազգային ժողովի առաջին գումարման պատգամավոր: 1999 թ-ին դարձյալ ընտրվում է ԱԺ պատգամավոր, մեծամասնություն կազմած «Միասնություն» խմբակցության ղեկավար: 1993-1997 եւ 1998-2005թթ. եղել է ՀՀԿ Խորհրդի նախագահ: 1997-98թթ. եղել է ՀՀԿ նախագահ, 2005թ-ին դարձյալ ընտրվել է ՀՀԿ նախագահ: 1998 թ-ից Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) անդամ էր, այնուհետեւ՝ ԵԿՄ վարչության անդամ:

Անդրանիկ Մարգարայանը 2000թ. մայիսի 12-ի ՀՀ նախագահի  հրամանագրով նշանակվում է ՀՀ վարչապետ և մինչև մահը ղեկավարում կառավարությունը:

2007թ. մարտի 25-ին հանկարծամահ է եղել սրտի կաթվածից:

Ամուսնացած էր, ուներ երկու դուստր, մեկ որդի:

Պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով, ՀՀ ՊՆ «Վ. Սարգսյան», «Գ. Նժդեհ» մեդալներով, ԵԿՄ «Վ. Սարգսյան» շքանշանով, ՀՀ Ոստիկանության «Արամ Մանուկյան» մեդալով, Ֆ. Նանսենի հիմնադրամի «Ֆ. Նանսեն» մեդալով։

Հավելենք, որ Երևանում գործում է դպրոց, որը 2010թ.-ից կոչվել ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անունով՝ դպրոցի բակում տեղադրված է Ա. Մարգարյանի  կիսանդրին, իսկ ահա 2016 թվականի մարտի 24-ին ՀՀ կառավարությունը ՀՀԿ քաղաքական դպրոց հիմնելու մասին որոշում է ընդունել, և ՀՀԿ  Գործադիր մարմնի նիստի ժամանակ դպրոցը անվանակոչվել է ի հիշատակ հայ հասարակական-քաղաքական գործիչ, ՀՀ վարչապետ , ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանի անունով:

Այս թեմայով