Կկրակեն սահմանին, թե` ոչ. սա է չափորոշիչը

Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Ժնևում կայացել են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների բանակցությունները:

Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի առաջմղման հնարավորությունները: Բանակցությունների արդյունքում նախագահները համաձայնել են միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացն ակտիվացնելու և հավելյալ քայլեր կատարելու շփման գծում լարվածությունը նվազեցնելու նպատակով:

Բանակցությունների մասին politik.am-ը զրուցեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ: Քաղաքագետը կարծում է, որ նախագահների հանդիպումը արդեն իսկ դրական քայլ է.«Ես կարծում եմ դրականը նա է, որ նախագահները հանդիպեցին: Հասկանալով թե ինչքան ապակառւցողական է Ադրբեջանը` այդուհանդերձ հանդիպելը պետք է: Դա գնահատում է նաև միջազգային հանրությունը: Լավ է, որ հանդիպումը կայացավ, վատ չի, որ ինչ-որ համատեղ հայտարաություն արվեց բանակցությունները վերսկսելու և լարվածությունը թուլացնելու մասին: Դա կարելի է միայն դրական գնահատել, բայց հիմա` նայենք կյանքին: Մոտ ժամանակները` 2-3 շաբաթը ցույց կտան, թե ինչքանով են լուրջ Ադրբեջանի հավաստիացումները: Կկրակեն սահմանին, թե` ոչ. սա է չափորոշիչը: Ժամանակը ցույց կտա` ինչ է լինելու: Քանի որ Ադրբեջանի քաղաքականությունը անկանխատեսելի է, պետք է սպասել թե ինչ կլնի 2-3 շաբաթ անց: Նորից կոշտ հայտարարություններով հանդես կգա՞ն, թե` ոչ: Եթե ոչ. ապա շատ ավելի լավ: Այդ դեպքում մենք կկարողանանք հստակ ասել, որ բանակցությունները արդյունք տվեցին: Դեռ վաղ է գնահատական տալը: Ես չեմ խոսում կես տարվա, մի տարվա մասին, գոնե մի ամիս չկրակեն դա էլ կնշանակի, որ իրենք էլ խելոքանում են, ինչ-որ պրոցես է սկսվել: Միգուցե այս անգամ նախապայմաններ չեն եղել և հենց դա էլ օգնել է ինչ-որ համաձայնության հասնել: Եթե Ադրբեջանը մի շաբաթից սկսի կրակել` դա կնշանակի, որ ոչ մի բան էլ չի փոխվել» ,-ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

 


Այս թեմայով