Կիևում բերման ենթարկված Սաակաշվիլիին կարող է սպառնալ 3-5 տարվա ազատազրկում

Դեկտեմբերի 5-ին Կիևում Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից բերման ենթարկված Միխեիլ Սաակաշվիլիին սպառնում է 3-5 տարվա ազատազրկում, հայտնում է ria.ru-ն:

Աղբյուրը մանրամասնում է, որ Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Սաակաշվիլիի տանն այսօր առավոտյան անցկացվել է խուզարկություն: Հայտնի է, որ խուզարկության ժամանակ Սաակաշվիլին բարձրացրել է 8-հարկանի բնակելի շենքի կտուր ու սպառնացել ցած նետվել: Ավելի ուշ նրան փորձել են բերման ենթարկել: Սաակաշվիլիի աջակիցների կազմակերպած անկարգությունների հետևանքով իրավապահներին չի հաջողվել տանել նրան իրենց մեքենայով:

Անվտանգության ծառայությունից հայտնել են, որ Սաակաշվիլին կասկածվում է հանցախմբերի անդամներին աջակցելու ու նրանց հանցավոր գործունեությունը քողարկելու համար: Իրավապահները մտադիր են հարցաքննել քաղաքական գործչին:

Ավելի վաղ նրա փաստաբան Պավել Բոգոմազովը հայտարարել էր, որ «Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդին մեղադրում են Ուկրաինայում պետական հեղաշրջում իրականացնելու փորձի համար:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի իշխանությունները քաղաքացիությունից զրկել էին Սաակաշվիլիին, սակայն նա աջակիցների օգնությամբ կարողացել էր ճեղքել սահմանապահների կազմած շղթան ու Լեհաստանի տարածքից կրկին Ուկրաինա էր վերադարձել:

 


Այս թեմայով