Կգտնենք որևէ լուծում, որը չի բերի դաշինքի փլուզմանը

Այսօր ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ներկայումս կուսակցության ներսում առկա տարաձայնություններին՝ կապված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջարկված ճանապարհային քարտեզի հետ:

Նա տեղեկացրեց, որ դաշինքի մեծամասնությունը տեսնում է խնդիրներ, բացեր, եւ թերություններ, իսկ հեղինակներն աշխատում են դրանք շտկելու ուղղությամբ:

«Եթե որեւէ անհատ կամ կուսակցություն ունի որևէ գաղափար, ներկայացնում է ծրագիր՝ ինչպես պետք է այն կյանքի կոչել, ինչ հետևանքներ կունենա հասարակության և պետության վրա, ինչ կշահի դրանից դաշինքը: Հետո միայն դաշինքում քննարկվում ու որոշում է կայացվում»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ դաշինքի մոտեցումը հետեւյալն է. ամեն ինչին այլընտրանք ներկայացնել, ինչպես դա իրենց գործունեությամբ արդեն իսկ ցույց են տվել, նաև ցույց տալ, որ կարող են փոխարինել գործող իշխանություններին:

«Նախնական տրամադրվածությունները հենց եղել են այդպիսին, որ պիտի ներկայացնենք վարչապետի թեկնածու՝ երկրի առաջիկա զարգացման ծրագրով: Այս գաղափարը դեռ պահպանվում է, բայց դեռ մանրամասների քննարկման չենք անցել:

Հիմա քննարկման սեղանին է ճանապարհային քարտեզ կոչվածը, բայց հստակ պետք է հասկանանք. դա «Ելք»-ի ճանապարհային քարտեզը չէ: Նա ունի գրեթե նույն թերությունները, որոնց մասին արդեն խոսվել է, եւ նախկին ընդդիմություններն այդ թերությունները թույլ են տվել»,- նշեց Գեւորգ Գորգիսյանը:

Հարցին, թե խմբակցությունը իրենց ռադիկալ համարո՞ւմ է եւ կդիմի՞ ծայրահեղ քայլերի, Գևորգ Գորգիսյանը պատասխանեց.

«Որեւէ ռադիկալ քայլի մենք հակված, տրամադրված չենք, և դա մեր պլաններում չկա: Նույնիսկ փողոցային գործողությունները պետք է լինեն բացարձակ խաղաղ, ինչն էլ ճանապարհային քարտեզի հեղինակների հիմնական դրույթներից ու մեխերից է: Դա չի կարող լինել ռադիկալ և բռնության տանող ճանապարհ»:

Հարցին,  թե կոնսենսուս չլինելու պատճառով հնարավոր է «Ելք» դաշինքի պառակտում։ Այդպիսի սցենար հնարավոր համարո՞ւմ եք, պատագամավորն ասաց.

« Չեմ կարծում։ Հիմա բոլոր ուժերով աշխատում ենք, որպեսզի կոնսենսուս լինի, եթե չլինի, ամեն դեպքում կգտնենք որևէ լուծում, որը, բնականաբար, չի բերի դաշինքի փլուզմանը, որովհետև դաշինքը երկարաժամկետ պլաններով ենք կազմել, այն չի կազմվել ուղղակի ընտրություններին մասնակցելու համար։ Դրա համար բոլոր երեք կողմերն էլ շահագրգիռ են, որպեսզի դաշինքը պահպանվի։ Այս պահի դրությամբ չեմ կարծում, թե կա որևէ նախադրյալ դաշինքի փլուզման համա»:

 


Այս թեմայով