ԿԳՆ-ի հայտարարությունը՝ ՇՊՀ-ի դասադուլի և գործադուլի վերաբերյալ

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կոչ է անում Շիրակի պետական համալսարանի ղեկավարությանը, պրոֆեսորադասախոսական անձնակազմին և ուսանողներին ձեռնարկել բոլոր միջոցներն ուսումնական հաստատությունում բնականոն ուսումնական գործընթացը վերականգնելու համար: Միաժամանակ ընդգծում ենք, որ անթույլատրելի է բուհում ծագած աշխատանքային չկարգավորված հարաբերությունները տարածել նաև ուսանողների վրա, հատկապես նրանց համար այս պատասխանատու շրջանում, երբ առաջիկայում հերթական քննաշրջանն է և նման դրսևորումները կարող են լուրջ հետևանքներ ունենալ ակադեմիական արդյունքների վրա: Անդրադառնալով ամիսներ շարունակ Շիրակի պետական համալսարանում ձևավորված բարոյահոգեբանական մթնոլորտին` հարկ ենք համարում նշել, որ այդ խնդիրները բազմիցս քննարկվել են Կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչների, մասնավորապես նախկին նախարար Լևոն Մկրտչյանի և ՇՊՀ կառավարման խորհրդի նախագահ Ֆելիքս Ցոլակյանի մասնակցությամբ, որոնց վերաբերյալ կատարվել է հանրային իրազեկում:

Քննարկումների արդյունքում պայմանավորվածություն էր ձեռքբերվել աշխատանքային խնդիրները լուծել բացառապես իրավական ճանապարհով: Եթե առաջ են եկել նոր խնդիրներ ևս, ապա դրանց լուծման լավագայուն տարբերակը կառավարման խորհրդի արտահերթ նիստ հրավիրելն է` մտահոգիչ հարցերից բխող օրակարգով:

Ինչ վերաբերում է շրջանառվող հայտարարություններին, թե ԿԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Մկրտչյանը երկուշաբթի ժամը 12-ին կլինի Գյումրիում, հարկ ենք համարում նշել, որ նման պայմանավորվածություն չի եղել: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Մկրտչյանը պատրաստ է մասնակցել ՇՊՀ կառավարման խորհրդի արտահերթ նիստին:

Հավելենք, որ ՇՊՀ-ի նախկին դասախոս Գագիկ Համբարյանը իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն էր արել առ այն , որ ռեկտորի հրաժարականի պահը մոտ է, և որ պետք է շարունակել իրականացնել դասադուլ և գործադուլ.

Սիրելի՛ ուսանողներ, Շիրակի պետական համալսարանի, քոլեջի, ավագ դպրոցի հարգելի՛ գործընկերներ, խնդրով մտահոգ քաղաքացիներ

Կոչ եմ անում այսօր համատարած գործադուլով և դասադուլով միանալ մեզ՝ պահանջելով Սահակ Մինասյանի հրաժարականը: 
Վստահ եղեք, որ նա հեռանալու է, ուստի անհիմն են բոլոր վախերը, մեր պահանջը արդար է, մենք ուժեղ ենք միասին և պայքարը կունենա ընդամենը մեկ ելք՝ ռեկտորի անփառունակ հեռացումը:

Կհանդիպենք այսօր՝ Շիրակի պետական համալսարանի մուտքի մոտ առավոտյան 11:00-ին:

Այս թեմայով