ԿԲ որոշ պաշտոնյաների աշխատավարձն ավելի բարձր է, քան` ՀՀ նախագահինն ու վարչապետինը

Այսօր ԱԺ քառօրյա հերթական նիստի ժամանակ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը դիմելով ԿԲ նախագահին, իր մտահոգությունը հայտնեց ԿԲ նախագահի տեղակալների և խորհրդի անդամների աշխատավարձերի բարձր լինելու մասով.

«Կխնդրեի, որ ներկայացնեիք ԿԲ նախագահի տեղակալաների և խորհրդի անդամների աշխատավարձի չափը», — ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին դիմելով՝ ասաց պատգամավորը։

Ի պատասխան ԿԲ նախագահն ասաց, որ էթիկայի հանձնաժողովին իրենց հայտարարագրերը ներկայացված են ու դրանք կհրապարակվեն։

«Մեր աշխատավարձերի մասով վերջին տարիներին կտրուկ փոփոխություն չի արվել։ Դրանք հենց ԱԺ ամբիոնից որոշված է համապատասխան՝ «Բանկերի և բանկային գործունեության մասին օրոնքով», որ մեր աշխատավարձերը պետք է ավելի ցածր չլինեն, քան՝ բանկային համակարգի միջինը, բայց մերը բավականին ցածր է», — ասաց Ջավադյանը։

Բագրատյանը պնդեց, որ օրենքը սահմանում է ցածր շեմը, մինչդեռ բարձր շեմի սահմանի մասին չի խոսվում։

«Ինձ ավելի հետաքրքրում է, թե ինչքան բարձր է, որովհետև ներքևի շեմը հայտարարված է, վերևինը՝ հնարավորություն է տրված որոշելու խորհրդին, ինչը ըստ իս նույնպես վիճահարույց է:

Ցածր շեմը սահմանված է օրենքով, իսկ բարձրի մասին ոչինչ չի ասվում։ Իմ տվյալներով՝ այն ավելի բարձր է, քան՝ ՀՀ նախագահի ու վարչապետի աշխատավարձը և այն ինձ մտահոգում է», — նշեց Սերգեյ Բագրատյանը։

ԿԲ  նախագահն էլ արձագանքեց, որ իրենց աշխատավարձերը աստղաբաշխական չեն . «հնարավոր է որոշ պետական գործիչների աշխատավարձերից բարձր էլ լինի, սակայն այդ ամենը ընդունված է ամբողջ աշխարհում»,-եզրափակեց Արթուր Ջավադյանը:

Այս թեմայով


Politik.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache