ԿԲ-ն արժեզրկում է դրամը՝ աջակցելով նոր վարչապետին. «ՀԺ»

դրամ«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության մեջ կտրուկ փոփոխություն է տեղի ունեցել և այդ փոփոխությունը գոնե ժամանակային առումով համընկել է վարչապետի փոփոխության և նոր կառավարության ձևավորման գործընթացի հետ:

Անցած շաբաթ ԿԲ խորհուրդը որոշել է ավանդների դիմաց պարտադիր պահուստավորման տոկոսադրույքը 20-ից իջեցնել 18 տոկոսի:

Այս կարևոր տոկոսադրույքը անփոփոխ էր մեկ տարի 8 ամիս և էական ազդեցություն ունի Հայաստանում բանկերի կողմից տրամադրվող վարկերի տոկոսների վրա: 2014 թ. նոյեմբերին դրամի փոխարժեքի հզոր ցնցումների ժամանակ ԿԲ-ն կտրուկ բարձրացրեց այդ տոկոսադրույքը 12-ից դարձնելով 24, բայց դեկտեմբերին նվազեցրեց 20 տոկոսի: Ու միայն հիմա է այն նվազեցնում 2 տոկոսով:

Սա կարող է որոշ չափով արժեզրկել դրամը, սակայն կարող է նաև նպաստել բիզնեսի աշխուժացմանը և հարկային եկամուտների աճին: Ուշագրավ է, որ ֆինանսատնտեսական պայմանների փոփոխություններ չկան և նշված որոշումը ԿԲ-ն կարող էր կայացնել նաև ամիսներ առաջ, ինչը համառորեն չէր անում:

Ի դեպ, այսօր ԿԲ-ն նաև քննարկելու է վերաֆինանսավորման տոկոսադրույքի հարցը: Եթե որոշվի, որ այդ տոկոսադրույքը նվազեցվում է ոչ թե 0.25 տոկոսով, այլ 0.5 տոկոսով, նշանակում է ԿԲ-ի որոշումը առաջին հերթին պայմանավորված է քաղաքական նկատառումներով և սրանով ԿԲ-ն աջակցելու է նոր վարչապետին»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 237 անգամ
 


Այս թեմայով