ԿԲ–ը հակադարձում է Բագրատյանին

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմանը, որտեղ ներկայացվում էին բանկային համակարգի, այն է՝ ակտիվների, վարկերի և ավանդների ցուցանիշները: Բագրատյանն իր գրառման մեջ կասկածի տակ էր դրել այդ ցուցանիշները: Tert.am-ը մեկնաբանությունների համար դիմել է ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Հարություն Բերբերյանին: Ստացված մեկնաբանությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։

«Ի տարբերություն նախկին բարձրաստիճան պաշտոնյայի, որն ամեն կերպ մի կողմից մանիպուլյացիայի ենթարկելով ցուցանիշները՝ հասարակությանը փորձում է մոլորեցնել, մյուս կողմից փորձում է սադրել և երկխոսություն սկսել Կենտրոնական բանկի հետ, վերջին անգամ ենք անդրադառնում տվյալ անձնավորության չփաստարկված, ակնհայտորեն սադրանքի տարրեր պարունակող գրառմանը, որը ոչ այլ ինչ է, քան ուշադրություն գրավելու հերթական փորձ:

Նախքան ցուցանիշներին անդրադառնալը՝ ցանկանում եմ հիշեցնել, որ ՀՀ ԿԲ-ն և առևտրային բանկերն անցնում են արտաքին աուդիտ «Big four» (միջազգային ճանաչում ունեցող աուդիտորական մեծ քառյակ, Ernst & Young, Price Waterhouse Coopers, Deloitte, KPMG, ինչպես նաև Grant Thornton Amyo) կողմից, հետևաբար ավելի վստահելի են, քան մեկ մասնագետի վերլուծություն:

Ցանկանում ենք հիշեցնել նաև, որ որոշ ժամանակ առաջ նույն նախկին բարձրաստիճան պաշտոնյան վերջերս հայտարարել էր, որ ԿԲ-ն արտարժույթ է վաճառել, սակայն իրականում տեղի է ունեցել հակառակը, ինչի ապացույցն արտացոլված է ՀՀ ԿԲ հաշվետվություններում:

Այնուամենայնիվ, ՀՀ ԿԲ-ը վերջին անգամ է անդրադառնում պարոն Բագրատյանի գրառումներին և «վերլուծություններին» և հորդորում է լրատվամիջոցներին և մասնագետներին տեղեկատվություն ստանալու համար դիմել ՀՀ ԿԲ, չառաջնորդվել Բագրատյանի վերլուծություններով, քանի որ դրանք իրականության հետ որևէ աղերս չունեն:

Իսկ այժմ ձեզ կներկայացնենք մի շարք ցուցանիշներ, որոնք առավել ակնհայտ են դարձնում կայուն և զարգացող համակարգի ներկա իրավիճակը, նախ և առաջ.

·    2018 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ ապրիլի 30-ի նկատմամբ բանկային համակարգի ակտիվները աճել են 10.5%-ով կամ 452.8 մլրդ դրամով (2017 թվականի նույն ժամանակահատվածում աճը կազմել է 5.2% կամ 204.1 մլրդ դրամ):
2018 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ ապրիլի 30-ի նկատմամբ բանկային համակարգի վարկերն աճել են 7.0%-ով կամ 184.4 մլրդ դրամով (2017 թվականի նույն ժամանակահատվածում աճը կազմել է 0.5% կամ 12.6 մլրդ դրամ):
2018 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ ապրիլի 30-ի նկատմամբ բանկային համակարգի ավանդները աճել են 9.2%-ով կամ 218.7 մլրդ դրամով (2017 թվականի նույն ժամանակահատվածում աճը կազմել է 4.8% կամ 106.8 մլրդ դրամ):

·    Հաշվեկշռային ցուցանիշների աճ/նվազումը միջազգային վերլուծություններում ներկայացվում է անվանական հաշվեկշռային ցուցանիշների բացարձակ կամ տոկոսային աճ/նվազումներով: Տարբեր նպատակային վերլուծություններում հնարավոր է հաշվարկել ամենատարբեր համեմատական ցուցանիշներ, սակայն չհամաձայնվելով Հրանտ Բագրատյանի առաջ բերած մեթոդաբանությանը՝ նշենք, որ նախ դիտարկվող օրինակում դրամային ավանդների 9.5% դրույքաչափն ընդունելի չէ, քանի որ ավանդների մեծության մեջ ներառված են ինչպես ժամկետային, այնպես և ցպահանջ ավանդները, իսկ 9.5%-ը միայն ժամկետային դրամային ավանդների տարեկան տոկոսադրույքն է, և ընդհանուր դրամային ավանդների տոկոսադրույքը շատ ավելի ցածր է: Երկրորդ, եթե ավանդների տոկոսները նույնիսկ ներառի ավանդների ծավալների մեջ, ապա այն հիպոթեզը, որ ավանդների աճը, ենթադրենք, եղել է ի հաշիվ ավանդների դիմաց կուտակված տոկոսների, ապա տոկոսները պետք է դիտարկվեն ոչ թե մեկ տարվա համար օրինակում բերված 9.5%-ը, այլ ընդամենը դիտարկվող հինգ ամսվա կտրվածքով, այսինքն՝ մոտ 3% (դրամային ավանդերի 7.5% միջին տարեկան տոկոսադրույք՝ բաժանած 12-ի և բազմապատկած 5-ով): Սակայն նույնիսկ կոռեկտ հաշվարկների դեպքում անգամ այս մեթոդաբանությունը ընդունելի չէ միայն այն պարզ պատճառով, որ բերված ավանդների աճերում դիտարկվող ավանդների մեջ ներառված չեն ավանդների գծով կուտակված տոկոսները:

·    Որևէ մասնագիտական տրամաբանություն չունի նաև ակտիվների աճի հաշվարկը, քանի որ հաշվեկշռային ակտիվները հավասար են պարտավորությունների և կապիտալի հանրագումարին, և եթե նույնիսկ պարտավորությունները (որտեղ ներառված են նաև ավանդները) ավելանան 17.2%-ով, իսկ կապիտալը՝ ենթադրենք 3%-ով (ի հաշիվ, ենթադրենք, նշված եկամտաբերության սփրեդից բխող շահույթի), ապա դա չի ենթադրում, որ ակտիվների աճը կազմում է այդ երկուսի հանրագումարը, ընդհակառակը՝ ակտիվների աճը ստացվում է փոքր 17.2%-ից:

·    Կենտրոնական բանկի հրապարակած և տրամադրած տեղեկատվության ճշգրտության վերաբերյալ անհիմն բացասական հայտարարությունները մեղմ ասած անընդունելի են, իսկ առանձին մասնագետների նման դատողությունը և Կենտրոնական բանկի հեղինակազրկման փորձը՝ անհասկանալի և սնանկ: Կենտրոնական բանկի գործունեությունը գնահատվում է միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից և Կենտրոնական բանկում իրականացվում է ամենամյա արտաքին աուդիտ: Կենտրոնական բանկն իր գործունեությամբ պատասխանատու է ավելի լայն հասարակությանը, և չծավալվելով Կենտրոնական բանկի հիմական խնդիրների (գների և ֆինանսական կայունության) կատարողականի արդյունքների շուրջ՝ հենց միայն վերոնշյալ օրինակում դիտարկվող ավանդի աճի բարձր տեմպը փաստում է բանկային համակարգի կայունության (ինչի ապահովումը ԿԲ հիմնական խնդիրներից է) նկատմամբ հասարակության վստահության աճի մասին (վերջին տաս տարում ավանդների միջին տարեկան աճը կազմել է մոտ 19%)»:

Այս թեմայով