Կարող ենք քննարկել համաներման հարցը

Այսօր Ազգային ժողովում «Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցի քննարկման ժամանակ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, որ Հայաստանի քրեակատարողական հիմնարկները գերբեռնված են, և պայմանական վաղաժամկետ ազատ արձակման խնդիրն առկա է:

ՔԿՀ-ներում խնդիրը կարող էր լուծել «Քրեական դատավարության մասին» նոր օրենսգրքի ընդունումը, որը սակայն չի ընդունվել:

«Արագ պետք է աշխատենք ու ընդունենք Քրեական դատավարության օրենսգիրքը, որով միայն կալանքը խափանման միջոց չի կիրառվի և կլինեն այլընտրանքներ: Հիմա քաղաքական վիճակից ելնելով՝ մենք կարող ենք ուսումնասիրություն կատարել և քննարկել համաներման հարց, որովհետև քրեակատարողական հիմնարկներն այս պահին էլ ծանրաբեռնված են ու մեծ պահանջարկ կա: Մինչ Հայաստանում դատարանները կսկսեն արդար աշխատել, լինելով նախկին իներցիայից դուրս, մենք գոնե կարող ենք համաներում առաջարկել, լուծել ՔԿՀ-ների գերբեռնվածության հարցը», — դիմելով արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանին, հայտարարեց Մարուքյանը:

Նշենք, որ փոխնախարարը խորհրդարանում ներկայացնում էր «Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Նախագիծը վերաբերում է պատժից պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտին:

Քրմոյանի փոխանցմամբ՝ նախագծով առաջարկվում է պատժից վաղաժամկետ ազատման ժամանակը լրանալու դեպքում մասնագիտացված կառույցները՝ քրեակատարողական կառույցները և պրոբացիայի ծառայությունը, երկու իրարից անկախ զեկույց ներկայացնեն:

Այս թեմայով