Կարող ենք խոցել ռազմավարական օբյեկտներ, այդ թվում օդանավակայաններ. Լեւոն Մնացականյան

լևոն մնացականյանԱդրբեջանի հանրապետության ղեկավարությունը վստահ էր , որ կկարողանա ռազմական ճանապարհով լուծել խնդիրն ամբողջ շփման գծի երկայնքով, սակայն ԼՂՀ բանակն այնպիսի հարված տվեց, որ երկար ժամանակ է պետք, որ Ադրբեջանի զինված ուժերն ուշքի գան։
Այս մասին «Ռեվոլուցիա» հաղորդմանը տված հարցազրույցում նշել է ԼՂՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը։

Նրա խոսքով, Ադրբեջանի հարձակումը նպատակ ուներ մի կողմից փորձարկել իրենց ռազմական տեխնիկան, նաեւ սեփական ժողովրդին ապացուցել, որ արդարացված են ծախսերը ռազմական ոլորտում արված։ «Եվ հարավում եւ հյուսիսում որոշակի հաջողություն հակառակորդը ունեցել է, բայց ամբողջ զորքով հարձակվել ու գրավել ընդամենը մի քանի դիրք, դա հավասար է պարտության, որովհետեւ մենք մեր բոլոր ուժերը չենք հանել։ Բոլոր առաջատար երկրների զինատեսակներով զինված Ադրբեջանին չհաջողվեց իր խնդիրը կատարել։ Միայն մեր առաջնագծում կանգնած զինվորի բազկի ուժով կարողացանք կանգնեցնել առաջխաղացումը։ Քառօրյա պատերազմի ժամանակ 14 անօդաչու թռչող սարք ենք ոչնչացրել։ Հիմնական խոցումը իրականացրել ենք խոշոր տրամաչափի զենքերից, որոշներն էլ հակաօդային պաշտպանության միջոցներով։ Դրանով ապացուցել ենք, որ այդ ուղղությամբ եւս աշխատանքներ տարվում են։ Հաջորդ անգամ ավելի պատրաստ ենք լինելու»,-ընդգծել է նախարարը։

Հարցին, թե որքանո՞վ է հայկական կողմը պատրաստ Ադրբեջանի նոր հարձակմանը՝ հաշվի առնելով նրանց սպառազինության մակարդակը, Լեւոն Մնացականյանը պատասխանել է. «Միշտ էլ այդ հարցը եղել է, միշտ էլ Ադրբեջանն իր զինատեսակներով առավել է եղել ԼՂՀ-ից։ Նախորդ մարտական գործողությունների փորձն էլ ցույց է տվել, որ միշտ էլ իրենց սպառազինությունը ավելին է եղել, բայց ԼՂՀ ուժերին հաջողվել է հետ շպրտել նրանց ու ավելացնել մեր զինանոցը։ Այն զինանոցը, որ կա ԼՂՀ ՊԲ-ում, հաշվարկները ցույց են տալիս, որ մենք ի վիճակի ենք համարժեք պատասխան տալու»։

Նախարարը նշել է, որ այս օրերին շփման գծում հակառակորդի կողմից կուտակումներ են իրականացվում, բայց դա գտնվում է իրենց վերահսկողության տակ բոլոր ուղղություններով։ «Կցանկանայի վստահեցնել բոլորին, որ անհրաժեշտության դեպքում դրանց էլ հարվածներ կհասցնենք, ուղղակի հիմա նպատակահարմար չենք գտնում դա անել։ Դրանք գտնվում են մեր զենքերի հասանելիության տակ»,-ընդգծել է նա ու հավելել. «Մենք ունենք մինչեւ 120 կմ խորության վրա խոցող միջոցներ եւ եթե պետք լինի դիմելու ենք այդ զենքի ուժին։ Կարող ենք խոցել ռազմավարական ու ռազմական օբյեկտներ, այդ թվում օդանավակայանների»։

Դիտարկմանը, թե շատերը նշում են, որ ԼՂՀ զինված ուժերը կարող են հարվածներ հացնել նաեւ Ադրբեջանի նավթահանքերին, լեւոն Մնացականյանն արձագանքել է. «Նավթահանքերի վրա հարվածելու անհրաժեշտություն այս պահին չենք տեսնում, մեր հիմնական թիրախները ռազմական օբյեկտներն են։ Դրանով էլ մենք իրենցից տարբերվում ենք»։

Լեւոն Մնացականյանը համաձայն չէ տեսակետին, թե քառօրյա պատերազմը Ադրբեջանի կողմից հետախուզություն էր մարտով։ «Ի՞նչ է նշանակում հետախուզություն մարտով, երբ էլիտար զենքեր են մարտի նետվում, տանկային գումարտակներ, երբ կորպուսների ռեզերվները մասնակցում էին ռազմական գործողություններին եւ ունեին կորուստներ։ Մարտով հետախուզությունը պարզում է մարտավարական խնդիրները, իսկ սա լայնածավալ հարձակում էր»,-նշել է նախարարը՝ եւս մեկ անգամ ընդգծելով, որ այս պահին հայկական ուժերը հկառակորդի զինուժի բոլոր շարժերի մասին տեղեկացված է, ամեն բան նկարահանվում է, վերլուծվում է եւ չկան հատվածներ, որտեղից չկարողանան տեղեկատվություն հավաքել։

Հարցին, թե ինչպես է ինքը տեսնում ԼՂ խնդրի լուծումը, ԼՂՀ ՊԲ հրամանատարն արձագանքել է. «Լավ կլինի խաղաղ ճանապարհով, բայց եթե պետք լինի, նաեւ ռազմական ճանապարհով կլուծենք, ինչպես մի անգամ արվել է»։

Դիտվել է 498 անգամ
 


Այս թեմայով