«Կարողացանք նոր լիցք հաղորդել մեր հարաբերություններին». Բուլղարիայի նախագահ

Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պետական այցով Հայաստան ժամանած Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի հրաժեշտի պաշտոնական արարողությունը:

Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, մինչ այդ, նախագահներ Սերժ Սարգսյանը և Ռումեն Ռադևը կարճատև հանդիպում են ունեցել, որի ժամանակ ամփոփել են այցի արդյունքները:

«Ձեր այցը շատ դրական արձագանք ունի մեր հասարակության մեջ: Սա այն դեպքերից է, երբ հաճելին համատեղվում է օգտակարի հետ. մենք մի շարք պայմանավորվածություններ ձեռք բերեցինք, մյուս կողմից՝ մեր հասարակության արձագանքը, իրոք, խոսում է այն մասին, որ Բուլղարիան և բուլղարացիները մեր ժողովրդի հարգանքն են վայելում: Վստահ եմ, որ երեկ Երևանում ունեցած Ձեր հանդիպումների ժամանակ ևս Դուք տեսել եք այդ վերաբերմունքը, և հուսով եմ, որ արդյունավետ հանդիպումներ են եղել», — ասել է Սերժ Սարգսյանը:

Իր հերթին Բուլղարիայի նախագահը նշել է. — «Շատ ուրախ եմ, որ կարողացանք ակտիվացնել մեր հարաբերությունները և նոր լիցք հաղորդել դրանց: Շատ կարևոր է լավ մթնոլորտ ստեղծել քաղաքական դաշտում: Ես վստահ կարող եմ ասել, որ երեկ ավելի հաստատակամ դարձա իմ այն զգացողության մեջ, որ մեր ազգերի միջև հարաբերությունները, իրոք, շատ ջերմ են: Հատկապես ուզում եմ նշել Պեյո Յավորովի անվան դպրոցի մասին, որտեղ բավականին ջերմ ընդունելության արժանացանք: Անչափ ուրախ եմ, որ գործարար միջավայրն ավելի կակտիվացնի իր գործունեությունը: Կունենանք ևս երկու հուշագիր, ինչը համագործակցության զարգացման համար մեծ խթան կլինի: Ես մեծ հույսեր եմ կապում հունիսին Բուրգասում կայանալիք գործարար համաժողովի հետ»։

 


Այս թեմայով