Home » ՄԱՄՈՒԼ » Կարեն Կարապետյանն ու վարչապետը հանդիպել են. ինչո՞ւ կրկին «զոհաբերվեց» Հովիկ Աբրահամյանը. «Ժողովուրդ»

Կարեն Կարապետյանն ու վարչապետը հանդիպել են. ինչո՞ւ կրկին «զոհաբերվեց» Հովիկ Աբրահամյանը. «Ժողովուրդ»

Untitled-316«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսպիսով՝ Սերժ Սարգսյանի կողմից օգոստոսի 1-ին հայտարարված «Ազգային համաձայնության» կառավարության ձևավորմանն ուղղված քայլերի մեկնարկը տրված է: ՀՀ կառավարության այսօրվա նիստում, որը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, կվարի ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, չի բացառվում հայտարարի իր հրաժարականի մասին, որից հետո ինքնաբերաբար հրաժարական կտան նաև բոլոր մյուս նախարարները:

Նկատենք, որ սա Հովիկ Աբրահամյանի երկրորդ հրաժարականը կլինի Հայաստանի ամենաբարձր պաշտոնից՝ հանուն կուսակցության: Ինչո՞ւ, որովհետև խոսվում է, որ Աբրահամյանը գլխավորելու է 2017-ի ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների` ՀՀԿ նախընտրական շտաբը, եթե, իհարկե, երիտթևը նաև այդ հարցով խարդավանքներ չհյուսի Աբրահամյանի դեմ:

Հիշեցնենք, որ երբ 2014 թվականի ապրիլի 13-ին Հովիկ Աբրահամյանը նշանակվեց ՀՀ վարչապետ, «Ժողովուրդ» օրաթերթը ամիսներ անց՝ 2015-ի հունվարի 25-ին, գրեց «…երբ Աբրահամյանը նշանակվեց ՀՀ վարչապետ, վերջինիս շրջապատը ցնծում էր, իսկ իշխանության, այսպես կոչված, երիտասարդ թևը (այդպես ընդունված է համարել Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի թիմին) շատ հանգիստ, ինչ-որ տեղ նաև հեգնանքով էր վերաբերվում Աբրահամյանի շրջապատի ցնծությանը… Երիտթևի ներկայացուցիչները վստահ էին, որ Հովիկ Աբրահամյանը դեռ զղջալու է այս փուլում վարչապետ դառնալու համար, և իրականում նա վերածվելու է «քավության նոխազի»»:

Այսպես էլ եղավ. Սերժ Սարգսյանի համար ամենակարևոր պահին, երբ իշխանության նկատմամբ անվստահությունը մահացու աստիճան բարձր տոկոս է կազմում, Հովիկ Աբրահամյանը կրկին զոհաբերվեց՝ տեղը զիջելով մի մարդու, որը Երևանի քաղաքապետի պաշտոնից 2011-ին հրաժարվեց՝ Մոսկվայում առավել բարձր աշխատավարձով աշխատանքի առաջարկ ստանալուց հետո: Թեև այդ օրերին բոլորին էր հայտնի, որ նույն երիտթևի խարդավանքներից «կշտացած» Կարեն Կարապետյանը լքեց Հայաստանը: Հիմա նա վերադարձել է արդեն վարչապետ նշանակվելու խոստման դիմաց և պայմանով, որ տնտեսական ոլորտի նախարարներին պետք է իր թիմի մարդկանց նշանակի:

Հ.Գ. Երեկ ցերեկը «Ժողովուրդ»-ի թղթակիցը ՀՀ կառավարության ետնամուտքի մոտ նկատել է, որ Կարեն Կարապետյանը մեքենայով մտել է ՀՀ կառավարության շենք՝ թերևս հանդիպելու ՀՀ գործող վարչապետին»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 408 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy