Կարեն Կարապետյանն ու ՀՀԿ-ն բախվելու են.«Ժամանակ»

Կարեն Կարապետյան«Ժամանակ»-ը գրում է.
«Դատելով սեպտեմբերի 20-ին կառավարության կազմում մի քանի նախարարների նոր նշանակումներից՝ Հայաստանում ձևավորվում է, այսպես կոչված, տեխնոկրատների կառավարություն: Համենայնդեպս Սերժ Սարգսյանի՝ սեպտեմբերի 20-ի նշանակումները այդ տրամաբանության ներքո էին: Թե´ էներգետիկայի ու բնական պաշարների, թե´ կապի ու տրանսպորտի, թե´ ֆինանսների, թե´ գյուղատնտեսության նոր նախարարները նշանակվել են այդ տրամաբանությամբ, նրանք քաղաքական դեմքեր չեն, նրանք ընդգծված մենեջերներ են:
Հայաստանում ըստ էության շատ դժվար է գտնել չվարկաբեկված քաղաքական դեմք: Խոսքը իշխանական շրջանակի մասին է, քանի որ հազիվ թե կառավարության կազմում համաձայնի ընդգրկվել ընդդիմադիր դիրքերից հանդես եկող որևէ վստահելի գործիչ: Թեև պետք է խոստովանել նաև, որ այս առումով ընդդիմության շարքերում անգամ այդպիսի գործիչների թիվը մեծ չէ:

Այնուհանդերձ, այսպիսով տեխնոկրատական կառավարությունը նաև զերծ է որոշակի «վարկաբեկվածության» բեռից և այդ իմաստով իհարկե ունի որոշակի «պահուստային պաշար»: Սրանից բացի, ակնհայտ է, որ կառավարության մակարդակում այսօր երևի թե անհրաժեշտ է հենց այդ տարբերակը: Խնդիրը շատ պարզ է:

Հայաստանում ամբողջատիրական կառավարում է, որն իրականացվում է ՀՀԿ-ի միջոցով: Հայաստանում չկա քաղաքական մրցակցություն, հետևաբար ինքնաբերաբար վերանում է կառավարության քաղաքական լինելու անհրաժեշտությունը: Սա քաղաքագիտական նոնսենս է հիշեցնում, սակայն դրա պատճառը այն է, որ Հայաստանը չի կառավարվում քաղաքագիտական կանոններով, Հայաստանի իշխանությունը չի ձևավորվում դասական քաղաքագիտական կանոններով: Այսինքն՝ քաղաքականություն, դասական իմաստով, Հայաստանում չկա, և ահա թե ինչու խոշոր հաշվով Հայաստանի կառավարության քաղաքական բնույթը միշտ էլ եղել է արհեստական:

Սերժ Սարգսյանը որոշակիորեն ապահովագրում է իրեն և նոր վարչապետին կառավարությունից սաբոտաժի կամ որևէ վրիպումների ռիսկից, առավել ևս երբ ակնհայտ է, որ Կարեն Կարապետյանն ու ՀՀԿ-ն բախվելու են անխուսափելիորեն, և դա զուտ ժամանակի հարց է: Տեխնոկրատական կառավարությունը այդ բախման հեռանկարում Կարեն Կարապետյանի ապահովագրական գիծն է կամ ԱՊՊԱ-ն»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 189 անգամ
 


Այս թեմայով