Home » սլայդ » Կարեն Կարապետյանը սպառնում է Հովիկ Աբրահամյանին

Կարեն Կարապետյանը սպառնում է Հովիկ Աբրահամյանին

կարեն-կարապետյանԿառավարությունը օրենքի նախագիծ էր ներկայացրել Ազգային ժողով, որով առաջարկում էր «Հրազդան-Ցեմենտ» ՓԲԸ-ին հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով տալ արտոնություններ:

Կառավարության ներկայացրած նախագծով «Հրազդան-Ցեմենտ» ՓԲԸ-ին պետք է ազատել 2016թ. փետրվարի 1-ի դրությամբ հաշվարկված, բայց չվճարված հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության գծով առաջացած տույժերից` 510 մլն 125 հազար դրամ ընդհանուր գումարի չափով:

Ինչպես արդեն հայտնի է, երեկ ԱԺ մեծամասնությունը չկարողացավ քվորում ապահովել և անցկացնել նախագիծը: Բոյկոտեցին ընդդիմադիրները, նաև որոշ գործարարներ: Միակ «դեմ» քվեարկողը ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյանն էր:

Այն հարցին, թե ինչո՞ւ է «դեմ» քվեարկել` Կարեն Կարապետյանն ասել է.«Մեր երկիրն այսօր պատերազմի մեջ է, և պետությունը պարտավոր չէ պարբերաբար վճարել առանձին գաստրոլյորների փոխարեն: Կարծում եմ՝ ոչ թե պետությունը պետք է զիջի, այլ մեր հասարակությունը պետք է որոշի՝ ինչպես վարվել նման դեպքերում, նման անձանց հետ: Իսկ դրա համար այդ մարդիկ պարտավոր են գալ ու հաշիվ տալ, վճարել իրենց արածների համար: Եվ վերջապես՝ բավական է, մենք պիտի կարողանանք դասեր քաղել ապրիլյան իրադարձություններից: Խելքի է պետք գալ, հակառակ դեպքում հաստատ խելքի եկողներ կլինեն: Բավական է այլոց երեխաների արյան հաշվին, մեր քաղաքացիների հաշվին կառուցել սեփական երջանկությունը: Հարկավոր է ուղղակի կանգ առնել: Երբ խոսում ես, երբեմն թիմին ես վնասում, իսկ թիմին վնասել երբեք չեմ ցանկացել: Հաճախ շատ ավելի արդյունավետ է ուղղակի օգնել, հուշել: Իսկ բարձրաձայնել այն դեպքերում, երբ արդյունքը նկատելի չէ: Կարծում եմ՝ սա նախադեպ կլինի, որպեսզի վերջապես զսպվեն ոմանց անհագ ախորժակները»,-հայտարարել է Կարեն Կարապետյանը:

Սա իսկապես համարձակ քայլ և ելույթ էր: Դժվար էր պատկերացնել, որ ՀՀԿ գործարարներից մեկը նման ոճով և տեղին գնահատական կհնչեցնի: Կարեն Կարապետյանի այս «դեմարշից» հետո մամուլում հայտնվեցին լուրեր, որ Սերժ Սարգսյանը պատրաստվում է ցրել Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարությունը:

Դիտվել է 14,491 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy