Կարեն Կարապետյանը Հովիկ Աբրահամյանի «տակն է փորում»

կարապետյանՈրքան էլ, որ զարմանալի է, այսօր կառավարության դեմ բողոքի ակցիայի դուրս եկած առևտրականների բողոքին է միացել ՀՀԿ-ական պատգամավոր ԿարենԿարապետյանը:
Պատգամավորը հայտարարություն էր տարածել, որտեղ մասնավորապես ասվում է.««Շրջանառության հարկի մասին» չարաբաստիկ օրենքը կարծես պատուհաս է դարձել ոչ միայն փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների, այլև կառավարության համար: Անսխալական մարդիկ չեն լինում, կարևորը ժամանակին սխալը շտկելու ունակությունն է: Այնինչ, օրենքի հեղինակների կողմից կատարված սխալն ընդունելու քաջության բացակայության արդյունքում հազարավոր մարդիկ չեն գտնում իրենց հարցի լուծման այլ ճանապարհ, քան փողոց դուրս գալն է: Փաստը մնում է փաստ, որ հանրապետության տարբեր բնակավայրերի փոքր ու միջին ձեռներեցության բազմաթիվ ներկայացուցիչներ փորձում են իրենց պահանջը հասցնել պատկան մարմիններին: Կտրականապես դեմ լինելով որևէ հարցում ծայրահեղ ցանկացած քայլի, այդուամենայնիվ չեմ կարող մեղադրել այդ մարդկանց, որ իրենց պահանջը չկատարելու դեպքում սպառնում են գործադուլով…»:
Հետաքրքիր դիտարկումներ է անում պատգամավորը, սակայն այստեղ հարց է առաջանում, որտեղ էր պատգամավորը, երբ ԱԺ-ն հաստատում էր սույն «չարաբաստիկ» օրենքը: Որևէ անգամ չի հիշատակվել, որ ԱԺ-ում պատգամավորը ելույթ ունեցած լինի այս հարցի վերաբերյալ և այն գնահատած լինի «չարաբաստիկ»: 
Արդեն երկար ժամանակ է, ինչ հրապարակվում են լուրեր, որ Կարեն Կարապետյանը ցանկություն ունի լինել ՀՀԿ նախագահի թեկնածուն և Սերժ Սարգսյանի ժառանգորդը, սակայն պատգամավորի այս ծրագրին խանգարում է Հովիկ Աբրահամյանը կուսակցությունում ունեցած իր ազդեցությամբ: Ահա այստեղ է, որ հասկանալի է դառնում պատգամավորի հայտարարության իրական նշանակետը: Կարեն Կարապետյանը հնարավորություն է տեսնում Հովիկ Աբրահամյանին չեզոքացնելու համար: Կարեն Կարապետյանը հասկանում է, որ թուլացնելով Հովիկ Աբրահամյանի դիրքերը ուժեղացնում է իր դիրքերը կուսակցությունում և մեծացնում իր՝ Սերժ Սարգսյանի ժառանգորդը դառնալու հնարավորությունները: Կարճ ասած այս պահին Կարեն Կարապետյանը լծված է Հովիկ Աբրահամյանի «տակը փորելու» գործին և եթե իրեն հաջողվի նաև դաշինք կնքել ՀՀԿ-ում Հովիկ Աբրահամյանի հետ խնդիրներ ունեցողների հետ, ապա կարելի է ասել, որ նրա ծրագիրը հաջողություններ գրանցելու հնարավորություններ ունի:

Հ.Գ. Հետաքրքիր է, թե Կարեն Կարապետյանն ինչու է այսպես կրակոտ հայտարարություններ չէր տարածում, երբ ՌԴ պատվերով բարձրացվում էր գազի գինը: Չնայած այս դեպքում ամեն ինչ հասկանալի է, չէ որ իր ֆինանսական միջոցները գալիս են հենց Մոսկվայից:

 


Այս թեմայով