Կարեն Կարապետյանը իր նպատակի մասին

Կարեն ԿարապետյանՎարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ և բանկային համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն:

Ինչպես հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը կարևորել է ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպումը և ընդգծել, որ ակնկալում է գործնական, նաև ոչ ստանդարտ լուծումներ պարունակող առաջարկություններ, որոնց իրականացումը նոր թափ կհաղորդի բիզնես միջավայրի բարելավմանը և ներդրումների ներգրավմանը: «Մեր նպատակն է լսել խնդիրները, մարտահրավերները և սպասումները, որոնք ֆինանսական ու տնտեսական համակարգն ակնկալում է կառավարությունից: Մեր նպատակն է, որպեսզի բիզնեսը «շնչի», այդ տեսանկյունից ես ակնկալում եմ, որ դուք առաջարկներ ներկայացնեք, նշելով, թե ինչ կոնկրետ միջոցառումներ պետք է իրականացվեն՝ տնտեսության համար լրացուցիչ վարկավորում ապահովելու նպատակով: Գործնական լուծումներ առաջարկելու ժամանակն է»,- նշել է Կարեն Կարապետյանը:

Իր հերթին, վարչապետն առաջարկել է բանկային համակարգի ներկայացուցիչներին՝ մշակել համապատասխան մեխանիզմներ բանկերում առկա ակտիվների միջոցով վարկավորելու փոքր և միջին բիզնեսը, այդպիսով նպաստելով տնտեսության տարբեր ճյուղերի ակտիվացմանը:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ներկայացրել է դրամավարկային քաղաքականությունը, տնտեսության վարկավորման հետ կապված ընդհանուր իրավիճակը:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետ Կարապետյանը հանձնարարել է կառավարության ֆինանսատնտեսական բլոկը ներկայացնող նախարարներին քննարկել ներկայացված առաջարկությունները և բանկային համակարգի ներկայացուցիչների հետ շարունակել համատեղ աշխատանքը՝ բարձրացված խնդիրների լուծման և տնտեսության առանձին ոլորտներում տարբեր ծրագրերի իրականացման ուղղությամբ:

Դիտվել է 835 անգամ
 


Այս թեմայով