Կարապետյանի ճոխ նվերը Մեդվեդևի ծննդյան օրվա առթիվ

Ընդամենը վերջերս էր անցել ժողովրդի զայրույթը ռուսաց լեզուն որպես երկրորդ պետական լեզու դարձնելու լուրերի կապակցությամբ, եւ ահա մեր Կրթության եւ գիտության նախարարությունում որոշել են փոփոխել հայաստանյան հանրակրթական դպրոցներում իրականացվող ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգը, այն է՝ առավելություններ վերապահելով այս լեզվին:

Մասնավորապես, նախատեսվում է իրականացնել ռուսաց լեզվի ուսուցում այս կամ այն առարկայական ոլորտում, այսինքն՝ ավագ դպրոցում մի շարք առարկաներից որոշ թեմաների՝ հայերենին զուգահեռ դասավանդում:

Սրանից բացի, կավելանա ռուսաց լեզվի խորացված ուսուցմամբ դպրոցների եւ դասարանների թիվը, «Ռուսաց լեզու» առարկայի պետական ամփոփիչ ատեստավորման ժամանակ ոչ միայն գրավոր, այլեւ բանավոր խոսքի տիրապետման մակարդակի գնահատում կկատարվի:

Այս մասին նախագիծը հայտնվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ընդամենը օրեր առաջ: Եվ որ ամենահետաքրքիրն է, այս իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է վարչապետի՝ Կարեն Կարապետյանի հանձնարարականով:

Ի դեպ պետք է նկատել, որ սեպտեմբերի 14-ին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ծննդյան տարեդարձն էր: Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի նման հանձնարարականը կարելի է համարել շռայլ նվեր իր ռուս գործընկերոջ ծննդյան օրվա կապակցությամբ:

 


Այս թեմայով