Կարապետյանը չի կարող ավելի հզոր լինել քան Սերժ Սարգսյանը

2018թ. ապրիլին ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնող անձը կդառնա համար մեկ պաշտոնյան, ուստի քննարկումները հնարավոր թեկնածուների շուրջ օրեցօր ավելի մեծ թափ են ստանում: Շոշափվում են վարչապետի և նախագահի անունները: Այս հարցի շուրջ Politik.am-ը զրուցեց Ժառանգություն կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ, ով չհամաձայնեց այն մտքին, որ հակամարտություն կա Կարեն Կարապետյանի և Սերժ Սարգսյանի միջև, որովհետև «չի կարող մասը ամբողջից հզոր լինել, հակամարտության մեջ լինել ամբողջի հետ: Կարապետյանը չի կարող ավելի հզոր լինել քան Սերժ Սարգսյանը:

Եթե մենք այսօր նայում ենք մեր պետության կառուցվածքին, բոլոր ուժայինները օլիգարխները Սերժ Սարգսյանի ազդեցության տակ են: Սերժ Սարգսյանը ձևավորել է ազգային ժողովը ըստ իր ցանկության և ըստ էության Կարեն Կարապետյանը այդտեղ չունի որևէ պատգամավոր, գուցե 1-2  հոգի»:

Այն դիտարկմանը, որ կողմերը կարող են օժանդակություն ստանալ դրսի ուժերի կողմից Մարտիրոսյանը պատասխանեց, որ Եվրոպան « կցանկանա ունենալ կանխատեսելի գործընկեր, իսկ Սերժ սարգսյանը այդպիսին չէ: Մենք տեսանք թե նա ինչպես մեկ գիշերում փոխեց պետության 3 տարվա ուղեգիծը»:

Արմեն Մարտիրոսյանը նաև նշեց, որ իր համար տարբերություն չկա թե նրանցից ով կլինի վարչապետի պաշտոնում, որովհետև 2 դեպքում էլ մենք գործ ենք ունենալու նույն սոցիալական, տնտեսական, քաղաքական և իրավական տրամաբանության հետ:

 


Այս թեմայով