Կատաղած պաղեստինցիներն այրել են ԱՄՆ-ի դրոշը և Թրամփի լուսանկարները

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը պաշտոնապես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու վերաբերյալ պատմական որոշումը զանգվածային բողոքի ակցիաների ու համընդհանուր զայրույթի առիթ է դարձել Մերձավոր Արևելքում, հայտնում է The Daily Mail-ը՝ նկատելով, որ իր այս քայլով 71-ամյա Թրամփը փոխեց տասնամյակներ շարունակ ԱՄՆ-ի՝ տարածաշրջանային խաղաղության պահպանմանն ուղղված քաղաքական գիծը:

Թեև ԱՄՆ-ի ղեկավարի հայտարարությունը քննադատվել է աշխարհի բազմաթիվ երկրներում, սակայն ամենամեծ զայրույթն արտահայտել են հենց պաղեստինցիները: Պաղեստինի տարածքում գործող «Համաս» իսլամիստական շարժումը նշել է, որ «ԱՄՆ-ն այս որոշմամբ բացեց դժոխքի դռները»: Բացի այդ, խմբավորումը հայտարարել է, որ ապագայում սպասվում են ցասման նոր օրեր:

Մինչդեռ Գազայում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ, այրել ԱՄՆ-ի դրոշները, համազգային գործադուլի կոչեր արել:

Հայտնի է, որ բազմաթիվ համաշխարհային առաջնորդներ, այդ թվում՝ նաև Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, քննադատել են Թրամփի որոշումը՝ նախազգուշացնելով, որ դա կսադրի խաղաղ բանակցային գործընթացը: Այնուհանդերձ՝ Թրամփն անդրդվելի է ու վստահ է, որ ճիշտ բան է արել:

«Վստահ եմ, որ ժամանակն է Երուսաղեմը պաշտոնապես Իսրայելի մայրաքաղաք ճանաչել: Մինչ նախկին նախագահները միայն խոստումներ էին տալիս այս մասին, բայց իրենց խոսքը չէին պահում, ես պատրաստ եմ դա անել: Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաքն է: Այս փաստի ճանաչումը ոչ ավելին է, քան իրականության ընդունում»,-հայտարարել է Թրամփը:

Ենթադրվում է, որ մոտ ապագայում ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ կտեղափոխվի:

 


Այս թեմայով