Կառավարություն կրճատել է ավելի քան 700 ծառայողական մեքենա

կառավարությունԱյսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: 
Նախքան նիստի օրակարգային հարցերի քննարկումը ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրել է զեկույց՝ նախորդ նիստին վարչապետի տված հանձնարարականի վերաբերյալ .
«Մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ
Ի կատարումն կառավարության նախորդ նիստին վարչապետի կողմից տրված հանձնարարականի՝ զեկուցում եմ, որ բոլոր կետերով աշխատանքներն սկսված են, ինտենսիվ ընթանում են:
Ավտոմեքենաների կրճատման հարցով մենք խնդրին մոտեցել ենք փուլային եղանակով, և արդյունքը հետևյալն է. առաջին փուլում կրճատվելու է 797 մեքենա: Փոքր-ինչ մանրամասնեմ: Մենք աշխատել ենք բոլոր նախարարությունների հետ, բացի պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների, բոլոր առընթեր մարմինների հետ, բացառությամբ ոստիկանության, ազգային անվտանգության և քննչական ծառայությունների, ինչպես նաև փրկարար ծառայության:
Բյուջեից ուղղակի ֆինանսավորվող մեքենաների քանակը կրճատվում է 107-ով, իսկ մարմիններին ենթակա ՊՈԱԿ-ներում, ՓԲԸ-ներում և հիմնադրամներում կրճատվելու է 690 ավտոմեքենա: Պետք է նշեմ, որ դրանց մի մասն օգտագործվում էր հենց պետական մարմինների կողմից:
Առաջարկում ենք ֆինանսների նախարարին հանձնարարել՝ կառավարության հաջորդ նիստին ներկայացնել որոշման նախագիծ, որում արտացոլված կլինի բյուջեից ֆինանսավորվող պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների սահմանաքանակների նշածս նվազեցումը, ինչպես նաև կրճատված ավտոմեքենաների պահպանման ծախսերի նվազեցումը:
Ի լրումն նշածիս նախապատրաստվել է վարչապետի հանձնարարականի նախագիծ, որով`
1) Արգելվում է սպասարկող (այսինքն՝ հերթապահ մեքենաների) ամրագրումը որևէ կոնկրետ պաշտոնատար անձի: Վարչապետի վերահսկողական ծառայության կողմից պարբերաբար ուսումնասիրություններ պետք է կատարվեն սպասարկող մեքենաների օգտագործման նպատակայնության վերաբերյալ:
2) Բոլոր նշած մարմինների պաշտոնական կայքերում պետք է զետեղվի տեղեկատվություն մեքենա առ մեքենա, թե ում է այն սպասարկում, մակնիշը, արտադրության թվականը, շարժիչի հզորությունը, պետհամարանիշը:
3) Պետք է արգելվի ծառայողական նպատակներով օգտագործելու համար ՊՈԱԿ-ին, ՓԲԸ-ին, հիմնադրամներին կամ պետական հիմնարկին պատկանող մարդատար ավտոմեքենաների տրամադրումը հանրապետական գործադիր մարմիններին:
Ավտոմեքենաների կրճատման հետ կապված աշխատանքները շարունակվում են:
Բացի այդ, պարոն վարչապետ, առաջարկվում է, որպեսզի բյուջետային միջոցները խիստ նպատակային և արդյունավետ օգտագործվեն, տալ հանձնարարական պետական իշխանության կառավարման մարմիններին` ՀՀ 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված (ներառյալ միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների կողմից տրամադրված վարկային և դրամաշնորհային ծրագրերը, ինչպես նաև արտաբյուջետային միջոցների հաշվին իրականացվող ծախսերը) միջծրագրային, միջհոդվածային, միջեռամսյակային, ներհոդվածային, այդ թվում նաև՝ գնումների անվանացանկի փոփոխությունները, բոլոր այդ վերաբաշխումները համաձայնեցնել ՀՀ վարչապետի հետ: Այս պահին այսքանը, պարոն վարչապետ»:
Փոխվարչապետ, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը հավելել է, որ ՀՀ վարչապետի անցած շաբաթվա ելույթում կար հանձնարարական՝ կառավարման ապարատի օպտիմալացման ուսումնասիրության վերաբերյալ: Փոխվարչապետը զեկուցել է, որ կառավարության ղեկավարի հրամանով ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որն իրականացնելու է ապարատի օպտիմալացման իրավիճակային վերլուծություն և ներկայացնելու է առաջարկություններ: Վաչե Գաբրիելյանը տեղակացրել է, որ աշխատանքային խմբի նիստերը կմեկնարկեն հաջորդ շաբաթվանից:

Դիտվել է 147 անգամ
 


Այս թեմայով