Կառավարությունում նշանակումներն արված են Ռուսաստանից համակարգային կախվածությունը նվազեցնելու ակնհայտ միտմամբ

Politik.am-ը Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի և սպասվող զարգացումների մասին խոսել է «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի նախագահ Հովսեփ Խուրշուդյանի հետ.

 -Պարոն Խուրշուդյան ինչպիսի՞ սպասելիքներ կան նոր կառավարությունից: Հնարավո՞ր է զբաղվել արտահերթ ընտրություններով և միևնույն ժամանակ տնտեսական խնդիրներ լուծել, որոնք շատ շատ են:

— Այս կառավարությունը ի սկզբանե հռչակվել է որպես ժամանակավոր եւ նրա գլխավոր գործառույթը ազատ եւ արդար արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն ապահովվելն է: Իսկ զուգահեռ երկրի օպերատիվ կառավարմամբ, այդ թվում՝ ընթացիկ խնդիրների լուծմամբ ցանկացած կառավարություն պարտավոր է զբաղվել, որքան էլ որ դա դժվար լինի համատեղել: Այլ բան է, որ ժողովրդի սպասելիքները հենց այս կառավարությունից քաղաքական իրողություններին անհամարժեք բարձր են: Չկա հստակ ընկալում այն բանի, որ առանց ԱԺ-ում մեծամասնություն ունենալու այս կառավարությունը ի վիճակի չի լինելու լիարժեքորեն իրականացնելու երկրի արագընթաց տեմպերով զարգացման եւ ժողովրդավարացմանն ուղղված համակարգային քայլեր՝ բացառելով օլիգարխիայի եւ դրան սպասարկող ՀՀԿ-ի ռեւանշը:

Թեեւ կարծում եմ, որ քաղաքական իրողությունների ներկա դասավորվածությամբ ԱԺ ՀՀԿճ-ական մեծամասնությունը ավելի հեշտ կհամաձայնվի հանրաքվե անել ու սահմանադրություն փոխել, քան արտահերթ խորհրդարանական ընտրություններով զրկվել սեփական մանդատներից:

-Նոր իշխանությունները արտաքին քաղաքականության մեջ կտրուկ փոփոխությունների չգնացին: Սա ձեր կարծիքով դրակա՞ն է, թե՞ բացասական:

— Դեռ վաղ է գնահատականներ տալ նոր իշխանությունների արտաքին քաղաքականությանը՝ հենվելով բացառապես հայտարարությունների վրա, որոնք կարող են ընդամենը մարտավարակն բնույթ ունենալ: Ինչպես արդեն նշել եմ իմ ֆեյսբուքյան էջում՝ որեւէ իշխանության արտաքին քաղաքականության մասին կարելի է դատել նախեւառաջ նրա ներքին քաղաքականությամբ: Առաջինը երկրորդի ածանցյալն է: Եթե ուզում եք՝ արտաքին քաղաքանությունը սկսվում է նրանից, թե ինչպիսի սերունդ, քաղաքացիներ ենք ուզում կրթել, այսինքն՝ կրթության ոլորտից. ինչպիսի հոգեւոր/ոգեղեն զարգացում ենք ուզում ապահովել Հայաստանի ժողովրդի համար, այսինքն՝ մշակութային ոլորտից, Սփյուռքը տեսնում ենք որպես արտ. երկրների (հատկապես՝ Ռուսաստանի) ձեռքում Հայաստանի վրա ազդելու գործիք, թե այդ երկրներից Հայաստան ներդրում ներ ապահովելու եւ այդ երկրներում Հայաստանի շահերը առաջ մղելու ուժ, այսինքն՝ Սփյուռքի հանդեպ քաղաքականությունից. ռազմական ոլորտը, հատկապես մատակարարումները թողնելու ենք  Ռուսաստանից բացարձակ կախվածության ներքո, թե դիվերսիֆիկացնելու ենք՝ հատկապես մեր սեփական ռազմարդյունաբերությունը զարգացնելու միջոցով, այսինքն՝ պաշտպանական ոլորտից. թողնելու ենք, որ ռուսահպատակ գործակալական ցանցը (այդ թվում՝ ազդեցության գործակալները) սաբոտաժ անեն արդարադատության ոլորտում բարեփոխումները, թե կայացնելու ենք ինքնիշխան պետության գլխավոր ողնաշարհերից մեկը՝ դատական համակարգը, այսինքն՝ արդարադատության ոլորտից: Ո՞վքեր են նշանակված այդ ոլորտները ղեկավարելու: ՆԱՏՕ-ում ՀՀ ներկայացուցիչ աշխատած Դավիթ Տոնոյանից մինչեւ Հայաստանի արեւմտական ուժերից Հանրապետություն կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանը, այլատյաց հյուսիսահաճո ռազմա-կղերական ցնդաբանության վրա հիմնված կոնցեպտից կրթական համակարգը ազատող Արայիկ Հարությունյանից մինչեւ Ամերիկյան խաղաղության կորպուսում աշխատած, Ֆլեթչերի շրջանավարտ Լիլիթ Մակունցը, ԵԱՏՄ-ի հանդեպ իր բացասական դիրքորոշումը արտահայտած Մխիթար Հայրապետյանից մինչեւ առողջապահական համակարգը Արեւմտյան համակարգին ինտեգրելու նախանշաններ ցուցադրող Արսեն Թորոսյանը: Վերջապես, ներքին քաղաքականության ամբողջ ուղղություններ ղեկավարող, ինքնիշխանության ջատագով Արարատ Միրզոյանից ու Տիգրան Ավինյանից մինչեւ արտաքին քաղաքականության ուղղությունը ներկայացնող՝ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը ե DCFTA-ը 4 տարի հաջողությամբ բանակցած Զոհրաբ Մնացականյանը:

Ու երբ այս նոր իշխանության արտաքին քաղաքանության մասին ենք դատում՝ անխուսափելիորեն պետք է հիմնվենք ահա այս անառարկելի փաստի վրա: Գոնե ՔՊ-ի «քվոտայով» Կառավարությունում նշանակումներն արված են՝ Հայաստանի ինքնիշխանությունն ամրապնդելու, այն է՝ Ռուսաստանից համակարգային կախվածությունը նվազեցնելու ակնհայտ միտմամբ, կամ առնվազն՝ բերելու են դրան: Այս ֆոնի վրա Մայիսի 9-ի շքերթի վերաբերյալ եւ նմանատիպ այլ՝ Սոչիում արված հայտարարությունները ոչ մի էական նշանակություն չունեն:

-Առաջիկա արտահերթ ընտրությունները ձեր կարծիքով, ե՞րբ է ճիշտ անցկացնելը և ինչպիսի՞ն կլինի ձեր մասնակցությունը այդ ընտրություններին:

Ճիշտ կլիներ, եթե Նիկոլ Փաշինյանի հռչակած 4 կետերը լիովին իրականացվեին, որոնցից մեկը վարչապետի ներկայացրած ծրագիրը չհաստատելու հենքով ԱԺ-ն լուծարելը եւ արտահերթ ընտրություններ անցկացնելն է: Որքան հետաձգվեմ ընտրությունները՝ այնքան ավելի հավանական կդառնա ՀՀԿ-ի եւ օլիգարխների՝ ապրիլ-մայիսին ստացած ժողովրդական հարվածներից ուշքի գալու եւ վերադասավորվելու միջոցով ու արտաքին ուժերի օգնությամբ ռեվանշի հասնելու սցենարը:

 


Այս թեմայով