Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Կառավարությունը մերժեց Էդմոն Մարուքյանի օրենքի նախագիծը

Կառավարությունը մերժեց Էդմոն Մարուքյանի օրենքի նախագիծը

էդմոն մարուքյանԱյսօր կառավարության նիստում ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հեղինակած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի սանկցիայից հանել տուգանքը՝ որպես պատժատեսակ, և թողնել միայն ազատազրկման ձևով պատիժը: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ տուգանքը չափազանց մեղմ պատժատեսակ է նման արարքի կատարման համար և չի կարող ապահովել պատժի՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված նպատակները:

Նախագծի ընդունմամբ կսահմանափակվի պատիժ նշանակելիս դատական հայեցողության շրջանակը՝ դատարանը պարտադրված կլինի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով մեղավոր ճանաչված անձանց նկատմամբ կիրառել բացառապես ազատազրկում, որոշակի ժամկետով պատժատեսակը նաև այն դեպքերում, երբ որոշի, որ տվյալ դատապարտյալին առավել նպատակահարմար է պատժիչ դաստիարակչական ներգործության ենթարկել՝ առանց վերջինիս հասարակությունից մեկուսացնելու:

Նախագիծը ներկայացնող՝ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն իր բացասական դիրքորոշումն արտահայտեց նախագծի վերաբերյալ՝ շեշտելով, որ նախագիծը քաղաքական շահադրդմամբ է ներկայացված:

Կառավարությունը դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը: Միաժամանակ նախարարը նշեց, որ ներկայացված օրենքի նախագիծը ՀՀ Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա հենց ինքը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցանկացավ կարծիքներ լսել. Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը նշեց իր կարծիքը. «Կարելի է մեծացնել տուգանքի չափը կամ առնվազն նախատեսել այնպիսի դեպքեր, որոնց բացակայության դեպքում կարելի կլինի տուգանքը կիրառել»:

Դիտվել է 65 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy