Կառավարությունը հաստատեց դեկտեմբերի 7-ը որպես «Հիշատակի և աղետներին դիմակայունության օր» ընդունելու մասին նախագիծը

Գյումրիի քաղաքապետարանի նիստերի դահլիճում մեկնարկել է երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված ՀՀ կառավարության արտագնա նիստը: Մինչ նիստի սկիզբը կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին երկրաշարժի զոհերի հիշատակը:

Դեկտեմբերի 7-ը որպես «Հիշատակի և աղետներին դիմակայունության օր» հայտարարելու մասին որոշման հարցի քննարկման ժամանակ հիմնական զեկուցող արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ երկրաշարժի հիշատակի օրը նշվում է դեկտեմբերի 7-ին, և այսօր լրանում է 30 տարին:  Նա նշեց, որ ավերիչ երկրաշարժի հետևանքով 25 հազարից ավելի մարդկային կորուստներ եղան, 15 000 -ից ավելին դարձան հաշմանդամ, 500 000-ից ավելին՝ անօթևան: Րոպենների ընթացում մեծածավալ ավերածություններ արձանագրվեցին Սպիտակում, Լենինականում, Կիրովականում և այլ քաղաքներում:
Ըստ Ցոլակյանի՝ Հայաստանին համակողմանի օգնություն ցույց տվեցին աշխարհի ավելի քան 113 երկիր և 7 միջազգային  կազմակերպություն։

Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե ճիշտ է հասկանում, որ այս որոշմամբ փորձում են արձանագրել, որ ՀՀ-ում շարունակաբար աղետների դիմակայության պաշտպանության մակարդակը պետք է բարձրացվի և գերատեսչական ծրագրերի շրջանակներում դառնա հանրային գիտակցություն: «Ըստ էության, նաև պետք է այդ ուղղությամբ աշխատանքների ռազմավարություն մշակել»,-ասաց նա:

Ցոլակյանը նշեց, որ ամբողջությամբ ճիշտ է, և ավելացրեց, որ սա նաև միջազգայնացնելու նպատակ է հետապնդում: «Այն երկրներից շատերը, որ մասնակցել են աղետի ժամանակ փրկարարական աշխատանքներում, պատրաստակամություն են հայտնել, որ այս օրը որպես հիշատակի և աղետների կանխման օր նշվի նաև իրենց երկրներում:

Արդեն կան օրինակներ Նահանգների մակարդակով»,-ասաց նա:

Նախագիծը դրվեց քվեարկության և հաստատվեց:

 

Այս թեմայով