Կառավարությունը հաստատեց բյուջեի նախագիծը

ԿառավարությունՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց 2017 թվականի բյուջեի նախագիծը: Վարչապետը հայտարարեց, որ 2017թ. նախատեսում են բավականին կոշտ բյուջե։

«Թվերը խոսում են դրա մասին՝ 70 մլրդ եկամուտների աճ, պլյուս-մինուս 100 մլրդ ծախսերի նվազեցում: Այն բոլոր հարցադրումները, որ հնչեցնում ենք, բոլոր խնդիրները ակտուալ են»,-ասաց նա։

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն էլ նշեց, որ ամենակարևոր սկզբունքը, որը ամրագրվել է հաջորդ տարվա բյուջեով, հարկաբյուջետային և պարտքի կայունությունն է։

«2014-2015 թվականներին ունեցել ենք պետական պակասուրդի բավական բարձր մակարդակ՝ 4.8 տոկոս: Եվ այս տարվա արդյունքներով, ամենայն հավանականությամբ, կունենանք 5.9 տոկոսանոց պակասուրդ: Սրա հետևանքով ավելացել է արտաքին պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը, ինչը պարտքի ստեղծման հիմնական աղբյուրն է»,– ասաց նա:

Ֆինանսների նախարարը տեղեկացրեց, որ ՀՀ արտաքին պարտքը երկու տարիների ընթացքում՝ 2014-2015 թվականներին 43.7 տոկոսից աճել է և այս տարեվերջին 54.4 տոկոս կկազմի։

«Բնականաբար, հաջորդ տարիներին պետք է լինենք պահպանողական, որպեսզի թույլ չտանք պարտքի գերաճ»,- հայտարարեց ֆինանսների նախարարը:

Ելնելով այս ամենից՝ կառավարությունը հաջորդ տարվա բյուջեով կրճատում է ծախսերը: Նախագծով ծախսերը նախատեսված են 1 տրիլիոն 360 մլրդ դրամ, իսկ պակասուրդը կլինի 2.8 տոկոսի շրջանակներում:

Դիտվել է 296 անգամ
 


Այս թեմայով