Կառավարության նիստերը դռնբաց անցկացնելու վերաբերյալ նախագիծը դրվել է հանրային քննարկման

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (https://www.e-draft.am)-ում մինչև նոյեմբերի 23-ը քննարկման է դրվել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու որոշման նախագիծը:Ըստ փոփոխությունների՝ վարչապետի որոշումները ստորագրում է վարչապետը, վարչապետի որոշման հավելվածը ստորագրում է վարչապետի աշխատակազմի ղեկավարը՝ դրանով հաստատելով, որ տվյալ հավելվածը հանդիսանում է վարչապետի կողմից ընդունված տարբերակը. փոխվարչապետի որոշումները, ինչպես նաև դրանց հավելվածները ստորագրում է փոխվարչապետը:

Ըստ նախագծի՝ որոշում է կայացվում Կառավարության նիստերը դռնբաց անցկացնել, վարչապետի որոշմամբ՝ նիստն ամբողջությամբ կամ դրա մի մասը կարող է անցկացվել դռնփակ:

Գործող կարգավորումների պահանջներին համապատասխան՝ ինչպես Կառավարության և վարչապետի որոշումները, այնպես էլ դրանց հավելվածները ներկայումս ստորագրվում են վարչապետի կողմից:

Հատկանշական է այն հանգամանքը, որ որոշումների՝ հատկապես Կառավարության որոշումների ընդունմանը նախորդում է դրանց քննարկման մի քանի փուլ (այն է՝ նախանիստ, նախարարական կոմիտե, Կառավարության նիստ) և այդ փուլերից յուրաքանչյուրում վարչապետին զեկուցվում են այդ որոշումների բովանդակությունը և քննարկման արդյունքները: Ավելին՝ Կառավարության նիստի օրակարգի ձևավորման փուլում ևս որոշումներն ամբողջությամբ և հանգամանալից զեկուցվում են վարչապետին, իսկ Կառավարության նիստում տեղի ունեցող քննարկումն իր հերթին ևս մեկ փուլ է՝ տվյալ որոշման բովանդակությանը ծանոթանալու և դրա արդյունքում որոշման ընդունմանը կողմ կամ դեմ քվեարկելու համար:

Թեև վարչապետի որոշումները, որպես կանոն, չեն քննարկվում վերը հիշատակված հաջորդականությամբ, այդուհանդերձ, դրանք նույնպես դեռևս նախագծային փուլում պարբերաբար զեկուցվում են վարչապետին:

Հետևաբար Կառավարության նիստում որոշումներն ընդունվելուց հետո դրանց հավելվածների ստորագրումն ըստ էության կրում է սիմվոլիկ բնույթ: Այդ առումով մշակված օրինագծով առաջարկվում է վարչապետի ստորագրմանը ներկայացնել միայն իրավական ակտ հանդիսացող որոշումը, իսկ օրենքի իմաստով որոշման անբաժանելի մաս համարվող հավելվածը ստորագրելու իրավասությունը վերապահել վարչապետի աշխատակազմի ղեկավարին՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ տվյալ փուլում ևս վարչապետին ներկայացվում է ամբողջ որոշման, այդ թվում՝ հավելվածների կարգավորման առարկան և բովանդակությունը:

Միաժամանակ, տարընթերցումներից խուսափելու նպատակով, առանձին դրույթով շեշտվում է, որ փոխվարչապետի որոշումների հավելվածները ստորագրվում են հենց փոխվարչապետի կողմից:

Վերոգրյալից զատ՝ Կառավարության գործունեության հրապարակայնությունն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված, ի տարբերություն գործող կարգավորումների, օրինագծով սահմանվում է, որ Կառավարության նիստերը դռնբաց են՝ զուգահեռաբար ամրագրելով, որ վարչապետի որոշմամբ նիստն ամբողջությամբ կամ դրա մի մասը կարող է անցկացվել դռնփակ: Ըստ այդմ՝ համարժեքորեն վերանայվում են նաև այս կարգավորումից ածանցվող մյուս դրույթները:

Նախագծի ընդունման պարագայում՝ Կառավարության նիստերն այլևս, որպես կանոն, կանցկացվեն դռնբաց, իսկ Կառավարության և վարչապետի որոշումների հավելվածները ստորագրելու իրավազորությամբ կօժտվի վարչապետի աշխատակազմի ղեկավարը, ինչն իր հերթին էապես կբարելավի Կառավարության և վարչապետի որոշումների ընդունմանը հաջորդող գործընթացների հնարավորինս արագ և արդյունավետ կազմակերպումը:

Այս թեմայով