Կապիտալը պետք է ազդեցություն չունենա քաղաքականության վրա. Սուրեն Սահակյան

Politik.am-ի զրուցակիցն է «Վերջ օլիգարխիային» նախաձեռնության անդամ Սուրեն Սահակյանը, ում հետ խոսել ենք բիզնեսի և քաղաքականության տարանջատման անհրաժեշտության մասին:

Պարոն Սահակյան դուք և ձեր համախոհները հայտարարել եք «Վերջ օլիգարխիային» նախաձեռնություն սկսելու մասին: Դուք հայտարարում եք, որ օլիգարխները պետք է պետությանը վերադարձնեն այս տարիների ընթացքում թալանածը: Ինչպե՞ս եք դա պատկերացնում, հնարավո՞ր է՝ նրանք ինքնակամ գնան այդ քայլին : Ի վերջո ապօրինի հարստացման մասին օրենքը մեկ տարի է ինչ ընդունվել է և հետադարձ ուժ չունի:

-Այո, ապօրինի հարստացումը մեր երկրում քրեականացվել է ընդամենը մեկ տարի առաջ։ Բայց որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ անկախացումից ի վեր պետական պաշտոններն ու վարչական լծակներին մոտ գտնվելը օգտագործվել են անձնական շահը սպասարկելու համար, այդ թվում՝ բյուջեից յուրացումների, կաշառակերության, հարկերից խուսափելու, տնտեսության ամբողջ ճյուղեր մենաշնորհելու միջոցով և այլն։ Սրա ուղիղ հետևանքն է, որ հանրությունը չի ճանաչում խոշոր սեփականություն կուտակած անձանց այդ սեփականությունից օգտվելու իրավունքը։
Քաղաքացիների մոտ կայուն համոզմունք կա, որ եթե մարդը անկախությունից ի վեր խոշոր սեփականություն է կուտակել, ապա թալանել է իրենից, պետությունից, մեզնից։ Սա շատ վտանգավոր իրավիճակ է թե՛ սեփականության տերերի, թե՛ պետության համար ընդհանրապես։ Եթե մեր երկրում սեփականության հարցը չլուծվի, ապա երկարաժամկետ հեռանկարում սա հանգեցնելու է պետմանենտ հեղափոխական իրավիճակների և հեղափոխությունների շղթայի։
Ո՞րը կարող է լինել խոշոր սեփականատերերի այլընտրանքը։ Մենք, որպես հանրության մի մասնիկ, հաշվի առնելով տխուր հեռանկարների վտանգը, ապօրինի սեփականություն կուտակածներին առաջարկում ենք օրինականացնել այդ սեփականությունը՝ վճարել դրա դիմաց։ Դրա փոխարենը մենք կարող ենք ներել նրանց կատարած տնտեսական բնույթի հանցագործությունները և սեփականությունը թողնել տնօրինելու՝ արդեն օրինական հիմքերով։ Եթե այդպես չլինի, ապա վաղ թե ուշ հանրությունը ձևը գտնելու է այդ սեփականությունը խլելու։ Ի վերջո, եթե ոչ այդ մարդիկ իրենք, ապա իրենց ժառանգները այս երկրում անվտանգ ապրելու ու կենսագործելու լուրջ խնդիրներ են ունենալու։
Սա համերաշխ հանրություն ստեղծելու պատրաստակամության քայլ ենք դիտարկում, ինչն ինքնին կարող է պետության մեջ նոր որակի հարաբերությունների ձևավորման հիմք դառնալ։ Սրանք այն ոչ բոլոր փաստարկներն են, որ պետք է նախկին օլիգարխիային ստիպեր ինքնակամ ներկայանալ, պատմել իրենց սեփականության ծագման պայմաններն ու պատրաստակամություն հայտնել հաշտվել հանրության հետ։
Համերաշխության այս ակտը և դրանից ծագող հարաբերությունները չեն կարող կարգավորվել 1 տարի առաջ ընդունված օրենքով․ այն միայն քրեական ընթացակարգեր է նախատեսում։ Այդ պատճառով մեր նախաձեռնությունը փորձագետների հետ միասին նոր օրենսդրական փաթեթի վրա է աշխատում, որը պատրաստ լինելուն պես կներկայացվի ԱԺ՝ քննարկման։
-Դուք նաև հայտարարում եք, որ գործարարները պետք է հեռու մնան պետական կառավարումից, քաղաքականությունից: Ինչպե՞ս եք սա պատկերացնում և արդյո՞ք այստեղ խոսքը միայն խոշոր գործարարների մասին է, քանի որ այսօրվա կառավարության մեջ էլ կան մարդիկ ովքեր ունեն բիզնեսներ, իհարկե դրանք պետության հաշվին ստեղծված բիզնեսներ չեն, բայց կարծես նորից հակասության մեջ կմտնի ձեր առաջ քաշած գաղափարի հետ:
Մենք չենք ասում, որ գործարարները պետք է հեռու մնան պետական կառավարումից։ Գործարարները նույնպիսի քաղաքացիներ են, ինչպես բոլորը և օժտված են նույն իրավունքներով։ Մենք ասում ենք, որ երկրում ստեղծվել է վիճակ, երբ երկրի մասշտաբներով ահռելի ապօրինի կապիտալ է կուտակվել, որը պաշտպանելու և բազմապատկելու միակ ճանապարհը եղել է պետական կառավարման համակարգում ներգրավված լինելը։ Խոշոր սեփականատերերը կուտակածը կորցնելու լեգիտիմ վախից է, որ անընդհատ ձգտել ու շարունակելու են ձգտել յուրացնել պետական կառավարման համակարգը։
Սա շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև լուծվի սեփականության խնդիրը և դա անելու են ընտրություններ կեղծելու, ընտրակաշառք բաժանելու, արդարադատությունը վերացնելու ճանապարհով։ Երկրներ կան, որտեղ դարերով այդ խնդիրը չի լուծվում և այդ երկրները պարբերաբար ընկնում են հեղափոխական իրավիճակների մեջ, օրինակ՝ Ռուսաստանը։ Երկրներ կան, որոնք դարեր առաջ լուծել են այդ խնդիրը և թռիչքաձև զարգացել, օրինակ՝ ԱՄՆ-ն, որտեղ սեփականության պաշտպանության է կանգնած ամբողջ հանրությունը։
Մենք ասում ենք, որ ուզում ենք ստեղծել պայմաններ, որոնց դեպքում գործարարը ստիպված չի լինի պետական կառավարման համակարգում ներկայացված լինել, որպեսզի հնարավորություն ունենա պաշտպանել իր սեփականությունը։ Եթե նախկին օլիգարխիան հաշտվում է հանրության հետ, վճարում է մարդկանց, ումից խլել է այդ միջոցները, ապա հանրությունն ինքն է կանգնում սեփականության պահպանման դիրքերում և միասին, ձեռք ձեռքի տված, ազատ ու արդար ընտրությունների միջոցով ընտրում են կառավարիչների, որոնք ապահովում են այդ համերաշխության պայմանները, ցանկացած տեսակի սեփականության պաշտպանությունը։
Իսկ դրանից հետո, եթե որևէ գործարար, այնուամենայնիվ, կցանկանա զբաղվել քաղաքականությամբ, ապա պետք է այդ գործունեությունը համապատասխանեցնի մեր օրենսդրությանն ու իրավական դաշտին։ Օրինակ՝ հարակից օրենքներում փոփոխություններ անելով մենք ձգտում ենք հասնել նրան, որ ընտրակեղծիքներում ներգրավված, կաշառակերության մեջ մեղադրված անձինք հնարավորություն չունենան ընտրովի պաշտոններում առաջադրվել։
Այսինքն՝ ուզում ենք պետական պաշտոնյաների նկատմամբ սահմանել բարեխղճության չափորոշիչներ։ Եվ սա բնական ցանկություն է։ Չի կարող քաղաքացին իր կյանքը վստահել մարդու, ով շարքային հանցագործ է և իր հանցագործությունն իրականացրել է գիտակցված՝ սահմանափակելու այլոց իրավունքները։ Խաղադրույքը շատ մեծ է, մանավանդ պետականության ու սահմանադրականության հարցերում առաջին քայլերն անող մեր նման հանրության համար։
-Պարոն Սահակյան, ինչու՞ եվրոպական տարբեր երկրներում, ԱՄՆ-ում բիզնեսներ ունեցող և հարուստ մարդիկ կարող են քաղաքականությանը մասնակցել, իսկ մեզ մոտ դուք չեք պատկերցնում նույն բանը: Արդյո՞ք այստեղ չկա վստահության պակաս պետական ինսիտուտների նկատմամբ, որ նրանք այնքան ուժեղ չեն, որպեսզի մեծահարուստները իրենց փողով չկարողանան ոչ օրինական ճանապարհով ազդել քաղաքական պրոցեսների վրա:
-Տեսեք, այսօրվա օրենսդրությամբ էլ է արգելված գործարարների մուտքը ԱԺ։ Եվ դուք օրենսդրական այսպիսի կարգավորում կգտնեք եվրոպական շատ երկրների օրենսդության մեջ։ Ավելին ասեմ, սկզբում մերոնք, թերևս, այտեղից էլ վերցրել են այդ նորմը և կիրառել մեզ մոտ, ինչի անհրաժեշտությունը այդպես էլ չեն գիտակցվել և ավելի շուտ տուրք է տրվել մեր մշակութային առանձնահատկություններին։ Արդյունքում սահմանված նորմը չի կիրառվել կամ նման խախտումներն արդարացվել են հանրության կողմից։ Նորմն իրականում սահմանվում է այն նկատառումով, որ ԱԺ-ը վեր լինի կոնկրետ անձանց տնտեսական շահեր սպասարկելու պրակտիկայից և զբաղվի համընդհանուր բարեկեցությանը միտված գործունեությամբ, ինչին կոչված է։
Այստեղ հարցը պետական համակարգի նկատմամբ վստահությունը չէ։ Համարվում է, որ կապիտալը չունի հայրենիք, ազգություն, բարոյականության նորմեր։ Դրա համար բոլոր զարգացած երկրներում սահմանադրորեն տարանջատում են բիզնես և պետական ոլորտները։ Բավական է թույլատրել կապիտալի մուտքը քաղաքականություն և այդտեղ քաղաքականությունը համընդհանուր բարիքին ու բնակչության երջանկության ձգտմանը ծառայելու փոխարեն ծառայելու է մեկը մյուսին ոչնչացնելու կամ կլանելու գործում։ Այստեղ կարելի է մոռանալ համընդհանուր բարեկեցության ձգտող պետության մասին։ Քաղաքակիրթ աշխարհը որոշել է, որ կապիտալը պետք է ազդեցություն չունենա քաղաքականության վրա։
Այնուամենայնիվ, որպեսզի չխախտվի նաև բիզնեսում հաջողակ մարդկանց իրավունքները, պետությունները խաղի կանոններ են մշակում, որպեսզի փողի տերը չկարողանա պետական լծակները օգտագործել անձնական շահերի սպասարկման համար։ Մենք խոսում ենք նույն բանի մասին։ Որպեսզի հասկանալի լինի, թե ինչի մասին եմ խոսում, բերեմ մի օրինակ․մենք կարծում ենք՝ կուսակցությունների գործունեությունը պետք է կարգավորվի այնպես, որ ընտրողները պարզ տեսնեն, թե ով է ֆինանսավորում կուսակցությանը։
Եթե որևէ կուսակցության գործունեություն ֆինանսավորվում է մի հանքատիրոջ կողմից, ապա ինձ համար, որպես ընտրող, տեսանելի և պարզ պետք է լինի, որ ընտրելով այդ կուսակցությանը ես ընտրում եմ մի ուժի, որն ամենայն հավանականությամբ ներկայացնելու է հանքարդյունաբերական լոբբին։ Եվ, կարծում եմ կհամաձայնեք, որ սա արդար վերաբերմունք է ընտրողին. նրան չի կարելի խաբել ու ապակողմնորոշել, հակառակ դեպքում ընտրություններն ազատ ու արդար համարվել չեն կարող։

Այս թեմայով