Կանխել զանգվածային էպիդեմիան

Նեոբոլշևիկյան իշխանությունը հիշեցնում է անեկդոտի հրաշագործ հոգեբանին, որի սեանսից հետո երջանկացած հերոսն էլ չի ընկճվում, այլ հպարտանում է` որ տակն է անում։ Միսը, ձուն, ընդեղենը, միրգը, բանջարեղենը` սննդամթերքը թանկանում է, իսկ խաբված ու թալանվող հեղափոխականները ավելի են երջանկանում։ Հպարտանում են, որ այստեղ ևս աճ է գրանցվել ու բարձր գնային կայունություն է հաստատվել։ Առավել երջանիկները նույնիսկ համարձակ խոստանում են` թե ամանորին ամեն ինչ էլ ավելի կթանկանա ու էլ ավելի կկայունանա, իսկ ժողովուրդն էլ ավելի կերջանկանա։

​Հանրային նման բուռն հանդուրժողականությունն ու երջանիկ էյֆորիան զանգվածային պսիխոզի է նման։ Սա հոգեբանական էպիդեմիա է, որն առաջացել է մեկ ակտիվացված սոցիալական խմբի խիստ վարակիչ ներշնչվածությունից։ Մարդիկ ոչինչ չեն անում` բացի իրենց հետ կատարվողին հմայված հետևելուց, բայց հավատացած են` թե բոլոր որոշումներն իրենք են կայացնում։ Այս պատրանքից կորցնում են մտածելու, դատողություններ անելու ընդունակությունը, իսկ մասնակից լինելու խաբկանքը մոլագար հակվածություններ է ծնում։

​Արտահերթ ընտրությունների միջոցով, երբ զանգվածների ակտիվ ու զուտ ֆիզիկական մասնակցությամբ նշանակվեն պատգամավորներ ու կազմավորվի խամաճիկային, էությամբ միակուսակցական Ազգային ժողովը, երբ բաժանվեն իշխանական պաշտոնները ու հաստատվի մեկ անձի տոտալ իշխանություն, զանգվածային պսիխոզը կվերածվի զանգվածային հիստերիայի։ Բանն այն է, որ միայն այդ պահից անձը կառանձնան զանգվածից, կսկսի ադեկվատ տեսնել ու լսել, ադեկվատ մտածել ու կշռադատել, ադեկվատ գիտակցել իր անձնակա՛ն շահերը, անվերադարձ կորուստն ու ձեռք բերած ոչինչը։

Այդ պահից, երբ նեոբոլշևիկներն ավարտած լինեն իրենց միսիան, բոլորը իրենց կզգան խաբված ու թալանված, կհասկանան իրե՛նց հլու և խոնարհ մասնակցությամբ կատարվածի կործանարարությունը։ Բոլորը կգիտակցեն, որ իրե՛նք են ծնել ու սնել քաղաքական կուռքին, իրե՛նք են հնարել ու հալածել «ներքին թշնամուն»։ Բոլորը կմտածեն ու պատասխան չեն գտնի, թե ինչպե՞ս է Փաշինյանին հաջողվել` ամեն ինչ անել իրե՛նց ձեռքերով ու իրե՛նց միանշանակ համաձայնությամբ։ Եվ իրե՛նց անձնական մեղավորության զգացողությունից բոլո՛րը հիստերիայի մեջ կընկնեն։

​Այս ամենը, սակայն, հնարավոր է ժամանակին կանխել։ Հնարավոր է, երբ լեգալ միալիարդատերը հասկանա, որ իր միլիարդը պահելու համար եթե ճորտության է համաձայնում, ապա միլիարդի տերն էլ ինքը չէ, այլ` ճորտատերը։ Հնարավոր է, երբ սպան գիտակցի, որ եթե դավաճանում, ուրանում և համաձայնում է ծառայել կուռքին, ապա դավաճանում է իրեն և ուրանում է իր արժանապատվությունը։ Հնարավոր է, եթե ավանդական կուսակցությունը չի վաճառում իր պատմությունը պաշտոնների դիմաց։ Հնարավոր է, եթե անհատը տեսնում է առողջ վարք ու խելամիտ այլընտրանք, առանձնանում է ամբոխից, ինքնուրույն է մտածում և գիտակցաված որոշում է իր անելիքը։

​Գոռ Հարությունյան

Այս թեմայով