Կանաչ բիզնես․ Հայաստանը լավագույն տասնյակում է

Շոտլանդիայի Էդինբուրգ քաղաքում տեղի ունեցավ ClimateLaunchpad «կանաչ» բիզնես գաղափարների մրցույթի համաշխարհային մեծ եզրափակիչը, որը համախմբել էր 700 ներդրողների, գործարարների, ոլորտի մասնագետների ավելի քան 44 երկրներից: Կիսաեզրափակչի մասնակից 135 ստարտափերի շարքում էին նաև Հայաստանի ազգային մրցույթի առաջատարներForestBerg, Apaga և UVDOS ստարտափերը: Անցնելով եզրափակիչ՝ Apaga ստարտափը պրոֆեսիոնալ ժյուրիի ընտրության արդյունքում լավագույն տասնյակում է, որը հնարավորություն է ընձեռում ստարտափին մուտք գործել եվրոպական առաջատար Climate-KIC կրթական-նորարարական համայնքի աքսելերացիոն ծրագիր:

Apaga – ն Հայաստանում արագ զարգացող ստարտափերից մեկն է, որը հնարավորություն է ընձեռում սպառողներին և մանրածախ վաճառք իրականացնողներին աղբը դրամի վերածել: Օգտատերերը կարող են պատվիրել պլաստիկ շշերի հավաքում հատուկ վարորդների միջոցով, դրա դիմաց ստանալով կտրոններ՝ ստարտափի հետ համագործակցող մանրածախ առևտրի կետերից օգտվելու համար:

UVDOS – ը աշխատանքի սկզբունքով և կառուցվածքով նոր ուլտրամանուշակագույն ճառագայթման դոզիմետր է, որի ցուցանիշները ներկայումս աշխարհում լավագույն են, ընդ որում, այն ունի նաև նոր հատկություններ և հնարավորություններ, որոնք ընդլայնում են  օգտագործման ոլորտները և նպատակները:

 ForestBerg – ը անտառների խելացի մոնիթորինգի համակարգ է, որը թույլ է տալիս պաշտպանել անտառները հրդեհներից, ապօրինի ծառահատումներից և որսից։

Այս թեմայով