Կայացել է Փաշինյան-Մեդվեդև հանդիպումը

Աշխատանքային այցով Ռուսաստանում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների զարգացմանն ուղղված մի շարք հարցեր, անդրադարձել տնտեսության տարբեր ճյուղերում համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին ու առաջիկա անելիքներին:

«Նիկոլ Փաշինյանը և Դմիտրի Մեդվեդևը կարևորել են երկկողմ առևտրաշրջանառության ծավալների ավելացումը և այդ համատեքստում ընդգծել հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ակտիվ ու արդյունավետ աշխատանքի անհրաժեշտությունը»,- նշված է կառավարության հաղորդագրության մեջ:

Իր խոսքում Մեդվեդևը, մասնավորապես, նշել է․ «Հայաստանը մեր մոտ դաշնակիցն է, պետություն, որը Ռուսաստանի Դաշնության հետ անդամակցում է ինտեգրացիոն միավորումներին և ՀԱՊԿ-ին: Ընդհանուր առմամբ, մենք զարգանում ենք, ես նկատի ունեմ տնտեսությունը, սոցիալական ոլորտը: Այս առումով, կառավարությունների աշխատանքի կոորդինացումը կարևոր է և՛ Ռուսաստանի Դաշնության, և՛ Հայաստանի Հանրապետության համար: Ընդհանուր առմամբ, ցանկանում եմ ասել, որ հարաբերությունները զարգանում են վստահ, դինամիկ կերպով, դա կապված է նաև նրա հետ, որ ձեր երկրի տնտեսությունը վերջին ժամանակներս ցույց է տալիս զարգացման ոչ վատ ցուցանիշներ, մեր տնտեսությունը ևս զարգանում է, ինչը նաև Եվրասիական տնտեսական միության աշխատանքի արդյունք է»:

Փաշինյանն իր հերթին ասել է․ «Մենք կարող ենք ասել, որ Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերություններն իրականում զարգանում են շատ լավ և շատ դինամիկ՝ ի հեճուկս այն վերլուծությունների, որոնք Հայաստանում հայտնի քաղաքական փոփոխությունների ժամանակ եղել են ռուսական, հայկական և միջազգային մամուլում: Այժմ կարող եմ վստահորեն ասել, որ մեր հարաբերությունները եղել են հատուկ, կան հատուկ և կլինեն հատուկ: Դրանում ես չեմ կասկածում և հույս ունեմ ու վստահ եմ, որ մեր հարաբերությունները կլինեն առավել արդյունավետ, և՛ տնտեսության, և՛ այլ ոլորտներում»:

 


Այս թեմայով


Politik.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache