Կաթնամթերքը փչանում է, թափում ենք

«Փաստ» օրաթերթը գրում է. «Սյունիքի մարզի Շաքի համայնքի բնակիչները հուսահատության եզրին են. գյուղացին իր արտադրանքը մեծ դժվարությամբ է սպառում: Կաթն այստեղ վերամշակող գործարանները լիտրը 100–120 դրամով են մթերում: Շաքիի բնակիչների պնդմամբ՝ դա ձեռնտու չէ գյուղացուն: Նրանցից շատերը վերամշակող ընկերություններին կաթ չեն հանձնում: «Պանիրն էլ մնում է՝ չի վաճառվում: Փչանում է, տոննաներով պանիր ենք թափում: Ընկերությունները կաթի փոշուց մեծ քանակությամբ կաթնամթերք են արտադրում, գյուղացու արտադրանքն էլ մնում է»,– «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում դժգոհեցին նրանք: Կաթնամթերքի իրացման պատճառով Աղաջանյանների ընտանիքն անասնագլխաքանակն է կրճատել: Այսօր էլ թանկ անասնակերի պատճառով պատրաստվում են եղածն էլ վերացնել: «Ամեն ինչ անում ենք՝ մածուն, պանիր, կաթնաշոռ, բայց չի ծախվում: Պանիր ենք անում, փչանում է, ում ասում ենք՝ եկեք, առեք, ասում են՝ գումար չկա»,– նեղսրտեց Լուսիկ Աղաջանյանը: Նույն խնդրի առաջ են կանգնած մարզի մյուս համայնքները: Բալաք համայնքում տարիներ ի վեր կաթի մթերում չի իրականացվել: Այս տարի, սակայն, գործարաններն այստեղ կաթ գնելու են եկել: Անասնապահությամբ զբաղվող բնակիչների տեղեկացմամբ՝ վերամշակող ընկերությունները ժամանակ առ ժամանակ են համայնք գալիս: «Միակ խնդիրը, որ կաթի ռեալիզացիա չկա: Փչանում է, թափում ենք»,– բողոքեցին նրանք: Այստեղ 43 տնտեսության կա, բոլորն էլ անասնապահությամբ են զբաղվում: Յուրաքանչյուր գյուղացիական տնտեսություն ամենաքիչը 5 գլուխ խոշոր եղջերավոր անասուն ունի: Պատրաստած պանիրը գյուղացիներն այլ ապրանքների հետ են փոխանակում: Երեւանում բարեկամներ ունեցողներն էլ այն մայրաքաղաք վաճառելու են ուղարկում: «Գալիս են, ապրանքով են փոխանակում, բայց պանիրն էժան են հաշվում, գյուղացիները ճար չունեն, հանձնում են»,– պատմեցին նրանք»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 


Այս թեմայով