Ծեծել են հայ և քուրդ պատգամավորների

ed.thumbԹուրքիայի խորհրդարանում քացի տալն ու բռունցքներով հարվածելը դառնում են սովորական երևույթ: Ամեն անգամ, երբ հայ կամ քուրդ պատգամավորները քննադատում են կառավարությանը, նրանք դաժան հարձակման են ենթարկվում Էրդողանի «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության (ԱԶԿ) խուլիգան պատգամավորների կողմից:

Վերջին օրերին ԱԶԿ-ի պատգամավորները վիրավորանքներ են հասցրել և ֆիզիկական բռնության ենթարկել պոլսահայ Կարո Փայլանին և քուրդ Ֆերհաթ Էնչուին, որոնք խորհրդարանում  ներկայացնում են ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (ԺԴԿ):

2016 թվականի ապրիլի 21-ին Փայլանը Թուրքիայի խորհրդարանում հանդես եկավ աննախադեպ ելույթով: Պատգամավորներին հայերեն «Բարև ձեզ» ասելով ողջունելուց հետո, նա համարձակորեն շարունակեց. «Առաջին համաշխարհային պատերազմն սկսվելուց հետո, 1915 թ. ապրիլի 24-ին, ցավոք, առաջինը ձերբակալվեցին հայ մտավորականները, համայքի ղեկավարները և պատգամավորները…. Չնայած պատգամավորական անձեռնմխելիությանը՝ նրանք ձերբակալվեցին և աքսորվեցին Անկարա, Այաշ, Ուրֆա և Դիարբեքիր, իսկ աքսորի ճանապարհին սպանվեցին հրոսակախմբերի կողմից: Իհարկե, համայնքի ղեկավարներին և պատգամավորներին վերացնելուց հետո, ժողովրդավարական ճանապարհով հարցեր լուծելու նրանց պահանջը դարձավ ավելորդ, իսկ հայ և ասորի ժողովուրդները հրամանով կոտորվեցին ու աքսորվեցին իրենց հնագույն հողերից, որտեղ ապրել էին հազարամյակներ»:

Փայլանը համարձակվեց բարձրացնել Թուրքիայում մինչ օրս շարունակվող Հայոց ցեղասպանության ամոթալի ժառանգությունը. «Տեսե՛ք Թալեաթ փաշայի, Ջեմալ փաշայի և Էնվեր փաշայի անունները: Նրանց անուններով երկրի 2500 վայրերում փողոցներ են կոչվել: Ցավոք, այսօր քայլում ենք Թալեաթ փաշայի անունը կրող փողոցներով: Կարո՞ղ եք այսօր պատկերացնել, որ գնաք Գերմանիա և Բեռլինում քայլեք Հիտլերի ու Գեբելսի անունը կրող փողոցներով: Ինչպե՞ս կարելի է սա ընդունել: Սակայն այսօր մեր երկրի 2500 վայրերում քայլում ենք Թալեաթ փաշայի անունը կրող փողոցներով և պողոտաներով»:

Փայլանն իր ելույթի ընթացքում թվարկեց Թուրքիայի խորհրդարանի նահատակված հայ պատգամավորների անունները և ցուցադրեց նրանց մեծադիր լուսանկարները, ներառյալ Գրիգոր Զոհրապի, որոնց ձերբակալել էին 1915 թ. ապրիլի 24-ին և դաժանաբար սպանել: Հայ պատգամավորն աներկյուղ առաջարկեց ձևավորել մի խորհրդարանական հանձնաժողով, որը կհետաքննի նրանց մահվան հանգամանքները, կբացահայտի նրանց մահվան մեջ պատասխանատու անձանց, որոնք պատվիրել և ի կատար են ածել հայ պատգամավորների սպանությունները, պարզել, թե որտեղ են թաղված նրանց աճյունները, վերաթաղել ըստ պատշաճ ծիսակարգի, և վերականգնել նրանց արժանապատվությունը: Զարմանալի չէ, որ Փայլանի առաջարկը մերժվեց խորհրդարանի մեծամասնության կողմից:

Փայլանը Թուրքիայի խորհրդարանի 1915 թ. նահատակված հայ պատգամավորների հիշատակին իր հարգանքի տուրքը մատուցելուց հետո, ելույթն ավարտեց՝ հայերենով ավանդական ցավակցական խոսքեր ասելով հանգուցյալների համար. «Աստված իրենց հոգին լուսավորի»: ԱԶԿ-ի պատգամավորներն իրենց վիրավորանքներով և սպառնալիքներով բազմիցս փորձեցին ընդհատել Փայլանի երկարաշունչ և խիզախ ելույթը:

Մայիսի 2-ին, երբ խորհրդարանական հանձնաժողովը հավաքվել էր ընդդիմադիրներին պատգամավորական անձռնմխելիությունից զրկելու համար, ԱԶԿ-ի պատգամավորները 10-րոպեանոց ծեծկռտուքի ընթացքում ոտքերով և բռունցքներով ավելի քան 100 հարված հասցրեցին Փայլանին: Փայլանը տեղի ունեցած հարձակումը որակեց որպես «նախապես ծրագրված Լինչի նախաձեռնություն՝ իր հայկական ինքնության պատճառով»:
Հարձակումից հետո, երբ ԺԴԿ-ի պատգամավորները լքեցին դահլիճը, հանձնաժողովը հավանություն տվեց քրդամետ ԺԴԿ պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու առաջարկին: Ակնկալվում է, որ այս սադրիչ ձեռնարկը շուտով կհաստատվի Թուրքիայի խորհրդարանում… Շատ քուրդ պատգամավորներ, Փայլանի հետ միասին, կարող են ձերբակալվել շինծու մեղադրանքներով: Ամենայն հավանականությամբ, Էրդողանը մտադիր է նոր խորհրդարանական ընտրություններ հայտարարել, հուսալով, որ ԱԶԿ-ն լրացուցիչ աթոռներ կգրավի ԺԴԿ-ի թափուր տեղերը փոխարինելով՝ իրեն բավականաչափ ձայներ ապահովելով խորհրդարանում՝ Սահմանադրությունը փոփոխելու և հզոր ավտորիտար նախագահական վարչակարգ հաստատելու համար:

Իսկ մինչ այդ, Փայլանի ճակատագիրը կարծես թե կանխորոշված է… Կամ նա կդատապարտվի երկարատև ազատազրկման կամ կարժանանա նույն ողբերգական ճակատագրին, ինչ հայ լրագրող Հրանտ Դինքը, ում թուրք ծայրահեղականները սառնասրտորեն սպանեցին Ստամբուլում 2007 թ. հունվարի 19-ին…

Բարի կամքի տեր բոլոր մարդիկ ամբողջ աշխարհում պետք է իրենց բողոքի ձայնը բարձրացնեն՝ դատապարտելով Էրդողանի օրըստօրե ավելի սաստկացող բռնապետական իշխանությունը: Դժբախտաբար՝ Փայլանը, որը բողոքում է պատգամավոր Գրիգոր Զոհրաբի մեկ դար առաջ տեղի ունեցած սպանությունից, այսօր ինքն է կանգնած մահվան վտանգի առջև, քանի դեռ միջազգային հանրությունը լուրջ նախազգուշացումներ չի արել Թուրքիայի կառավարությանը՝ ամենախիստ միջոցները ձեռնարկել ապահովելու հայ պատգամավորի անվտանգությունը: Ցավոք, կարծես ոչինչ չի փոխվել Թուրքիայում վերջին հարյուր տարվա ընթացքում…

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Դիտվել է 244 անգամ
 


Այս թեմայով