Ծախսեր կան, որ պետք է արվեն՝ պետական կառավարման համակարգի արդյունավետ աշխատանքի համար

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է «թիվ մեկ բորտով» Դուշանբե մեկնելու մասին հրապարակումներին, որոնց համաձայն, այդ մեկօրյա այցելությունը ՀՀ բյուջեի վրա 20 միլիոն դրամից ավելի է նստել։

«Վերադառնալուն պես տեղեկացա, որ մի քանի լրատվամիջոցների և ֆեյսբուքյան օգտատերերի կողմից կասկածի տակ է դրվել մեր պատվիրակության՝ ՀՀ «թիվ մեկ բորտով»՝ վարչապետի ինքնաթիռով մեկնելու նպատակահարմարությունը։ Ասեմ, որ հակառակ դեպքում մեր 20 հոգանոց պատվիրակությունը (ներառյալ ԶԼՄ ներկայացուցիչները) ստիպված էր լինելու մեկնել Մոսկվայով, իրարից տարբեր և ոչ այնքան մոտ չվերթներով և կրկին լուրջ, գրեթե համարժեք գումար էր ծախսելու ավիատոմսերի, սնունդի և հյուրանոցային վճարների վրա։

Ամենաէականը, սակայն, այն էր, որ մենք ստիպված էինք լինելու մեկնել մայիսի 30-ին և վերադառնալ հունիսի 2-ին։ Այ երկու աշխատանքային օրվա վատնումը ճանապարհի վրա ամենաիսկական շքեղություն կլիներ իմ համար։ Կներեք, բայց ես դա ինձ թույլ տալ չեմ կարող այս օրերին, երբ իմ աշխատանքային գրաֆիկն այնքան հագեցած է, որ ես աշխատանքի եմ գնում առավոտյան շուտ և վերադառնում եմ գիշերը շատ ուշ։

Ֆինանսական խնայողություններն, իհարկե, մեր առաջնահերթություններից են, և մենք հետևողականորեն գնում ենք այդ ուղղությամբ։ Միաժամանակ պետք է հասկանանք, որ ծախսեր կան, որ պետք է արվեն՝ պետական կառավարման համակարգի արդյունավետ աշխատանքի, ինչու չէ՝ նաև մեր երկրի պատշաճ ներկայանալու համար», — գրել է Միրզոյանը։

Այս թեմայով