Խորհրդարանական Արցախում 8 պատգամավորով վարչապետ կփոխվեր

Արցախում խորհրդարանական կառավարման համակարգն արդյունավետ չէր կարող լինել, ընտրված նախագահական մոդելը ճիշտ է: Այս մասին այսօր` հոկտեմբերի 23-ին, Արցախի պետական համալսարանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հրայր Թովմասյանը: Նա դասախոսությամբ հանդես եկավ Հայաստանում եւ Արցախում Սահմանադրական բարեփոխումների թեմայով:

Հրայր Թովմասյանի խոսքով՝ Հայաստանում խորհրդարանական համակարգն արդարացված է, մինչդեռ Արցախի դեպքում այն կարող էր խոցելի լինել:

«Խորհրդարանական համակարգն արդյունավետ է, նման երկրներն ավելի ժողովրդավարական են, բայց այս համակարգն ունի թերություններ, օրինակ՝ երկրում կայունությունն ապահովելու համար անհրաժեշտ է խորհրդարանում մեծամասնություն ունենալ, հակառակ դեպքում՝ երկրում կարող է քաղաքական ճգնաժամ սկսվել: Հենց այս պատճառով Հայաստանի դեպքում ամրագրեցինք այնպիսի ընտրական համակարգ, որն ապահովում է կայուն մեծամասնություն: Արցախի դեպքում կայուն մեծամասնություն ապահովելն անհնար է, քանի որ 8 պատգամավորով հնարավոր կլիներ վարչապետ փոխել, սա երկրում կայունություն չէր կարող ապահովել»,- ասաց պատգամավորը:

Հրայր Թովմասյանի կարծիքով՝ Արցախում ընտրված կառավարման համակարգն ամենաճիշտն է: Իհարկե, ըստ պատգամավորի, կարելի էր ընտրել հեշտ տարբերակ` Հայաստանում ընդունված Սահմանադրական բարեփոխումները նույնությամբ կրկնել Արցախում, բայց արցախցիներն ընտրել են բարդ տարբերակը. «Ընտրվել է Արցախին համապատասխան կառավարման համակարգ, այն կարելի է անվանել խառը կառավարման համակարգ»:

 


Այս թեմայով