Խոսք տգետ և բթամիտ իշխանավորին

տարոն մարգարյանՀարցն Արամի 30-ը չի, հարգելի տգետ և բթամիտ իշխանավոր։ Ու ըստ այդմ հարկ չկա մեզ բացատրել, թե Արամի 30-նն ինչի էր պետք քանդել, որովհետև գուցե և հին Երևանի մի մասնիկը լինելուց զատ Արամի 30-ը ոչ մի այլ արժեք չուներ։ Հարցն այն է, որ 2797 տարեկան Երևանում դու ու քո նմանները 200 տարվա ոչ մի շենք չեք թողել ու հերթական հնությունը քանդված տեսնելը մեզ համար ցավոտ է, իսկապես ցավոտ։ Հարցն այն է, որ այսօրվա երևանցին վաղվա երևանցուն Երևանի հնության մասին պատմելիս արգումենտների լուրջ կարիք է զգալու՝ ձեր շնորհիվ։ Այո այդ պատճառով մենք զգայուն ենք դարձել ցանկացած հին շենքի նկատմամբ։ Ու այո գոռալու ու աղմուկ ենք բարձրացնելու ամեն անգամ երբ ցանկացած հին քարի թփի վրա ձեռք բարձրացնեք։
Հետաքրքիր է, որ ժամանակին դուք մեզ հետ միասին ծիծաղում էիք Բաքվի իշխանությունների վրա, որ Բաքուն այնքան են փոխել ու ռեմոնտ արել, որ պատմական ոչինչ չեն թողել այնտեղ։ Անգամ հին խռուշչովյան շենքերն են երեսպատել, որ նորի տեղ անցնի ու արդյուքնում ստացվել է Դիսնեյլենդի պես մի կառույց։ Բա հիմա ինչի՞ եք նրանց հետ նույն ուղով գնում։
Պատմական մի հետաքրքիր դեպք կա ձեր գաղափարական նախնիների թեմայով, ուզում եմ պատմել։
1821 թվականի հունական հեղափոխության ժամանակ Աթենքի և հարակից գյուղերի բնակիչները պաշարեցին Ակրոպոլը, որտեղ արմատավորված էին թուրքերը։ Պաշարված թուրքերը սկսեցին քանդել տաճարների սյուները և դրանց միջից հանել կապար և մետաղներ, որպեսզի դրանցից փամփուշտ սարքեն և կռվեն։ Երբ ապստամբներն իմացան, թե թուրքերն ինչպես են վարվում իրենց հնությունների հետ, նամակ ուղարկեցին նրանց հետևյալ բովանդակությամբ. «Սյուները հանգիստ թողեք, մենք ձեզ կապար ու փամփուշտներ կտանք, որ կռվեք մեր դեմ»։
Հիմա մենք ձեզ ի՞նչ տանք, որ հանգիստ թողեք մեր քաղաքը, սիրելի ճարտարապետներ։

Գրում է Blognews.am կայքի հիմնադիր Արամ Անտինյանը իր ֆեյսբուքյան էջում

Դիտվել է 237 անգամ
 


Այս թեմայով