Խոստումները կատարելու ժամանակը

Հերթական ճգնաժամի խաղաղ հանգուցալուծումը արդեն մոտ է, «վատ» բանակցություններն էլ շատ ավելի լավ են, քան «լավ» աղբամանային պատերազմը, որին շատերը սկսել էին «դուխով» պատրաստվել։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հասարակական գործիչ, «Արար» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ավետիք Չալաբյանը`անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ու Գագիկ Ծառուկյանի միջև ստորագրված հուշագրին, որով կողմերը պայմանավորվել են դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու հարցի շուրջ։

«Ըստ էության, հիմա մնում է այդպիսի հուշագիր ստորագրել նաև ՀՅԴ հետ, ընդունել նոր Ընտրական օրենսգիրքը, և օրենքի ուժով ցրել Ազգային ժողովը՝ մենակ մնացած և թուլացած ՀՀԿ-ն այդ պայմաններում վարչապետ չի առաջադրի։ Շատ կուզեի, որ դա էլ տեղի ունենա խելամիտ պայմաններով ու ժամկետներում, ու ճանապարհ բացեր նոր ընտրություններով կայուն իշխանություն ձևավորելու համար։

Ես նաև կուզեի, որ հեղափոխական իշխանությունն այսուհետև իր գործընկերներին պատեհ-անպատեհ հակահեղափոխական չկոչեր, ու իր հետ աշխատած նախարարներին պաշտոնից նսեմացնելով չազատեր փողոցի սուլոցների տակ (իսկ հետո էլ մի քանի օրից նորից ստորագրեր նորից նրանց «հեղափոխականության» տակ), կամ էլ իրեն սպիտակ, մնացած բոլորին սև չհորջորջեր, որպեսզի մի քանի օր հետո քաջալերեր ու գրկաբաց ընդուներ «Սևերի» ճամբարը լքողներին, կամ էլ չփորձեր սեփական թերությունները անընդհատ արդարացնել հակահեղափոխականների դավադրությամբ։

Ընտրություններից հետո իշխանության համար գալու է հասարակությանը տված իր խոստումները կատարելու ժամանակը, և որքան շուտ իշխանությունը կենտրոնանա կառուցողական օրակարգ ձևավորելու վրա, այնքան լավ իր ապագա ընտրողների, և նաև բոլոր մնացածների համար»,– գրառման մեջ նշում է Չալաբյանը։

Այս թեմայով