Home » ՄԱՄՈՒԼ » Խոշոր շնաձկին բռնեք, խոշո՛ր

Խոշոր շնաձկին բռնեք, խոշո՛ր

1-11Ոչ իշխանական չորս ուժերի նախաձեռնությունը՝ կառավարությանն անվստահություն հայտնելու մասին, բազմաթիվ հարցեր է առաջացնում, որոնց մինչ օրս չեն հնչել պատասխաններ:

Հարց 1. Ո՞վքեր են նախաձեռնության հեղինակների` վարչապետի եւ կառավարության անդամների թեկնածուները: Սա չափազանց կարեւոր հարց է, որովհետեւ նախաձեռնության հեղինակները չեն առաջարկում, չէ՞, որ Հայաստանում կառավարություն չլինի: Եթե գործող կառավարությունը հրաժարական տա, պետք է նոր կառավարություն ձեւավորվի: Ո՞րն է, ուրեմն, այդ նոր կառավարության մասին պատկերացումը: Ընդ որում, երբ նախաձեռնում ես Սերժ Սարգսյանի հրաժարականը, եւ հարց է ծագում, թե ով պիտի լինի երկրի հաջորդ նախագահը, պատասխանը կարող է լինել` կլինեն արտահերթ նախագահական ընտրություններ, եւ ժողովուրդը կորոշի՝ ում ընտրել նախագահ: Կառավարության դեպքում այսպես չէ. վարչապետի թեկնածուին առաջադրում է խորհրդարանը: Սահմանադրությունը նախատեսում է, որ վարչապետ նշանակվում է խորհրդարանի մեծամասնության վստահությունը վայելող անձը: Մեծամասնությունը ԱԺ-ում ՀՀԿ-ն է: Այսինքն, ոչ իշխանական ուժերը որոշում են Տիգրան Սարգսյանին գործից հանել, որ ՀՀԿ-ն իր վստահությունը վայելող մեկին, ասենք՝ Հովիկ Աբրահամյանին կամ Էդիկ Շարմազանովին (թե՞ Ռոբերտ Քոչարյանին. ի վերջո` Քոչարյանի խնամին ՀՀԿ խմբակցության անդամ է) նշանակի վարչապե՞տ: Թե՞ կոալիցիայից դուրս մնացած ոմանք ուզում են նոր կոալիցիա ձեւավորելու ազգափրկիչ առիթ որոնել: Գուցե ոմանք էլ, սա համարելով իրենց վերջին շանսը, փորձում են հասնել ազգային համաձայնության կառավարության ձեւավորմանը, եւ իրենք է՞լ տեղ գտնել դրա մեջ:

Հարց 2. Որեւէ կասկած չկա, որ Տիգրան Սարգսյանի կառավարությունն անգործունակ, ամուլ, ապաշնորհ կառավարություն է: Բայց դա Սերժ Սարգսյանի ձեւավորած կառավարությունն է, եւ Սերժ Սարգսյանն է կրում այս կառավարության գործունեության պատասխանատվությանը: Եւ ուրեմն, եթե դրվում է փոփոխության եւ պատասխանատվության խնդիր, ուրեմն պետք է բռնել գլխից: Ընդդիմությունն է, չէ՞, իշխանությանը մեղադրում, որ մանր ձկների ետեւից եք ընկնում՝ խոշոր շնաձկներին շրջանցելով: Ինչու է խոշոր շնաձուկ Սերժ Սարգսյանին թողած, ընկել անմեղսունակ կառավարության ետեւից: Ինչու՞, ուրեմն, ոչ իշխանական չորս ուժերը չեն սկսում իմպիչմենտի՝ Սերժ Սարգսյանի պաշտոնանկության գործընթաց: Ի վերջո, Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցով որոշման նախագիծը արտահերթ քննարկման դնելու համար պահանջվում է նույնքան պատգամավորների ստորագրություն, որքան կառավարությանն անվստահություն հայտնելու որոշման տակ: Եւ մի՞թե այդ վատ կառավարության հրաժարականը չի պարպելու բողոքի այն պոտենցիալը, որ կուտակվում է Տիգրան Սարգսյանի գործունեության համատեքստում:

Հարց 3. Բայց եթե կառավարության հրաժարականը այդքան կարեւոր է՝ Սերժ Սարգսյանն ինքն է ասել, որ եթե կառավարությունը չապահովի յոթ տոկոս տնտեսական աճ, պետք է հրաժարական տա: Սերժ Սարգսյանը չունի տարբերակ, պետք է պաշտոնանկ անի կառավարությանը: Մի՞թե այս նախաձեռնությամբ չի ստեղծվում մոտիվացիա, որ Սերժ Սարգսյանը պահպանի գործող կառավարությունը՝ իբր իր թիմին հարձակումներից պահելու տղայական պատճառաբանությամբ:

Հարց 4. Ոմանք պնդում են, թե պարզապես Տիգրան Սարգսյանին պաշտոնանկ անելու հարցում հաջողության հասնելը ավելի ռեալ է, քան Սերժ Սարգսյանին: Է, Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելն ավելի ռեալ է, գուցե կենտրոնանաք ա՞յս հարցի վրա՝ իրագործելով փոքրիկ հաղթանակների մարտավարություն:

Ինչ խոսք, կառավարության հրաժարականի նախաձեռնությունը կարող է լինել խիստ ընդունելի: Բայց կարող է նաեւ անընդունելի լինել: Սատանան, ինչպես ասում են, մանրուքների մեջ է:

Գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը

Դիտվել է 80 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy